Ու երբ չգործած մեղքերի համար
Մարդը հայցում է մեղքի թողություն
Ու ներողություն` Ոչնչի համար,
Գոնե գթասիրտ-ողորմած եղեք…
Կարդացեք նաև
(ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ)
Անցյալ դարի 70-ականների ուսանողներիս համար քաշված էր մի եզրագիծ, որի մի կողմում մենք էինք՝ ուսման ծարավ, սոցիալական հոգսերից, դարդուցավից զերծ երիտասարդներս, մյուսում՝ Խորհրդային Միության մաս կազմող, երկրագնդի վրա ընդամենը 29 հազ. կմ տարածք զբաղեցնող, Հայաստանի ռազմավարական խնդիրներն ու մարտավարությունը համակարգող, կուսակցական-քաղաքական էլիտան: Մենք վերջինից անչափ հեռու էինք, ու շատ հաճախ մեզ թվում էր, թե ուրիշ է նաեւ մարդկային կաղապարի նրանց նյութը: «Մարդկանցից՝ ծածուկ, ԱՍՏԾՈՒՆ՝ հայտնի» Աստվածաշնչյան խորհուրդը ինձ համար բացվեց Ռիմա Դեմիրճյանի՝ Կարեն Սերոբի Դեմիրճյանին նվիրված «ՀԻՇԱՏԱԿ» գրքով: Երկար սպասված «անակնկալը» իմ կյանք, իսկապես, անակնկալ ներս խուժեց: Եվ այլեւս, որպես անհագ ընթերցող, թերթեցի ինձ ծանոթ եւ միեւնույն ժամանակ, բոլորովին անծանոթ Կարեն Սերոբի Դեմիրճյանի՝ «ԱՍՏԾՈՒՆ՝ հայտնի, մարդկանցից ծածուկ» էջերը: Ասես անտեսանելի վարագույրը ետ քաշվեց, եւ հորիզոնի ծիրից, իրեն հատուկ «դեմիրճյանական» սեգ քայլվածքով, Նա ընդառաջ եկավ ինձ: Շնորհիվ հուշապատումի հեղինակ Ռիմա Դեմիրճյանի, վավերագրության դասական ժանրը այդպես էլ «չի կարողացել նեղել՝ միս ու արյուն հաղորդելու» տրաֆարետային դաջվածքից զերծ, գենետիկ ժառանգությամբ, տքնանքով ու մաքառումով ձեռք բերված բացառիկ օժտվածության տեր Անհատին: Խիստ չափի մեջ, մերձավորի սիրով ու ջերմությամբ շաղախված տողերը վերակենդանացնում են Կարեն Սերոբիչին՝ չխախտելով հուշապատումի պատմական արժանահավատությունը: Ամենաուշագրավը գրքի «հերոսից» ճառագայթներով սփռվող պատմական-տեղեկատվական նյութն է, որպես ճանաչողական, կրթական, դաստիարակչական շտեմարան-դասագիրք: «ՀԻՇԱՏԱԿ»-ը բացառիկ արժեք է: Մտիր եւ վերցրու, ճանաչիր ժամանակաշրջանը, կրթվիր, հարստացրու գիտելիքներդ եւ հարստացրու ուրիշներին, եղիր առավել խստապահանջ սեփական անձիդ նկատմամբ, սրբագրիր անցյալդ ու նորովի նայիր կյանքին, մի վհատվիր, գնա մինչեւ հաղթական ավարտ: Սա Կարեն Դեմիրճյանի, սեփական կյանքով սրբագրած, ապրելու բանաձեւն է: Հենց այս բանաձեւով 70-ականների կեսերից նա ստանձնեց Հայաստանը զորացնելու դժվարին գործը եւ, որն ամենակարեւորն է՝ հաջողեց երկիրը դարձնել ՀԱՅՐԵՆԻՔ:
ՄԱՐԻԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ