Սիրիայի եւ ռուս- ամերիկյան հարաբերությունների մասին խոսելիս, այսօր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում քաղաքագետ, Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Նյու-Յորքյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Միհրանյանն ասաց, որ երկու շաբաթ առաջ հանդես է եկել ամերիկյան լրատվական ծրագրերով, ու այս հարցի շուրջ շատ խոսել, սակայն ընդհանրացնելով իր ելույթի էությունը՝ նշեց. «Փաստորեն արդեն հայտնի դարձավ, որ մերձավոր արեւելքի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը բերեց շատ մեծ ցնցումների: Մեզ համար շատ կարեւոր է, ու սա Պուտինը լավ ձեւակերպեց, որպեսզի ԱՄՆ-ի համար հասկանալի լինի, որ նրանք ունեն վատ վարկային պատմություն, որովհետեւ քաղաքականությունը Իրաքում վերջացավ փլուզումով: Լիբիան, որը ՄԱԿ-ի տվյալներով գտնվում էր հինգ ամենաարագ զարգացող երկրների շարքում, այժմ գոյություն չունի ու առաջինն իրենց վրա դա զգացին հենց ամերիկացիները, հետո ֆրանսիացիները: Եվ երրորդ դեպքը` Եգիպտոսն է, երբ սկսեցին այդ իրադարձությունները, ԱՄՆ նախագահն ասաց՝ Մուբարաքը պետք է գնա, շատ անհեռատես էր այդ քաղաքականությունը: Ես ամերիկյան մամուլում ասացի՝ ժամանակն է, որ դուք լսեք Մոսկվային, եւ մի ստիպեք, որ մենք ձեզ հետեւենք: Գիտեք, Չերչիլն ասում էր՝ վերջիվերջո ԱՄՆ-ն ընտրում է ճիշտ որոշումը, երբ փորձում է, բոլոր սխալ որոշումները…»:
Անդրանիկ Միհրանյանը գտնում է, որ ԱՄՆ-ն գալիս է բարի ցանկություններով, բայց այդ ցանկությունները` ճանապարհ են դեպի դժոխք:
Նա նաեւ հույս հայտնեց, որ ամերիկյան հասարակական կարծիքը դեմ է զինվորական ավանտյուրաներին:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ