«Ընտրությունների մասին լուրջ եկեք չխոսենք: Հայաստանում այդ ամենը ընտրություն չի կարելի համարել: Դա պարգեւատրում է ինչ-որ մեկին՝ ինչ-որ մի արարքների կամ ֆինանսական ներդրումների համար: Այստեղ ընդդիմության մասին խոսելն անիմաստ է, որովհետեւ ընդդիմությունը չի կարող մասը կազմել այս համակարգի»,- Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին մասին այսպիսի գնահատական տվեց ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը:
ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի խոսքերով՝ այսօր հասարակությունը նյութական սպասելիքներ ունի, թե ինչ կանի պատգամավորն իրենց համար, ասֆալտապատում կանի, բարեգործություն կանի: Մարդիկ դրան ուշադրություն են դարձնում:
Ըստ Հովհաննես Իգիթյանի, քրեորեն պատժելի է, որ պատգամավորը բիզնեսով զբաղվի. «Այսինքն՝ պետք է փողո՞վ ընտրվի: Սա ձե՞ռ է տալիս մեզ»:
Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցությանը, Հովհաննես Իգիթյանն ասաց. «Ասոցացման համաձայնագիրը նշանակում է, որ այս երկիրը այս կամ այն ձեւով պետք է համագործակցի ԵՄ-ի հետ: Հայաստանը խոսք էր տվել ամենաբարձր մակարդակի ասոցացման պայմանագիրն ունենալ: Դրանից բարձր մեկ էլ Ֆրանսիայի համաձայնագիրն էր: Տնտեսական տեսակետից մեզ համար անսպառ հնարավորություններ էր բացվում»:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Իգիթյանի, Մաքսային միության անդամակցությունը թույլ չի տալիս ունենալ որեւէ հարաբերություն ԵՄ-ի հետ: Ամբողջ լիազորությունները տրվում են Եվրասիական հանձնաժողովին. «Մաքսային միությունը վարչական միավոր է, վարչական հարաբերություններ են: ԵՄ-ի հետ հարաբերությունների ժամանակ Հայաստանը բացվում է ուղղակի ներդրումների համար: Հաշվարկեք պետության շահը, երբ 1 մլրդ դոլար լցվում է բյուջե եւ երբ 1 մլրդ դոլարի ներդրումներ են արվում: Ներդրումներից բացի, այն, որ բյուջեն լցվում է 20 տոկոսով, 150 հազար աշխատատեղ է ստեղծվում, մարդիկ բարձր աշխատավարձ են ստանում եւ դա էլի մտնում է բյուջե:
Ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ես էլ ձեզնից ու Սերժ Սարգսյանից պակաս Ղարաբաղի մասին չեմ մտածում, բայց փսփսալով 10 րոպեում անվտանգության հարց չեն լուծում: Եթե դեմ տար մի հայտարարություն, որ կողմերը պարտավորվում են ԼՂՀ հարցերը լուծել միայն ու միայն խաղաղ ճանապարհով՝ դա ուրիշ բան կլիներ: Պուտինին երկար կյանք, բայց եթե վաղը նա գնա, Սերժ Սարգսյանը գնա, ոչ ոք չի հիշելու, թե ինչ է խոստացել Պուտինն այնտեղ բանավոր»:
Լեռնիկ Ալեքսանյանն ասաց իր անձնական կարծիքը՝ «20 տարուց ավելի՝ գիտենք այդ եվրոպական ներդրումների մասին: Շատ բան չի փոխվել: Ես անվտանգությունն էլ եմ դնում մի կողմ, որն ամենակարեւորն է: Ես, որպես մարդ, գիտեմ, որ դեռեւս կամ մենք պատրաստ չենք ընդունելու ամբողջական եվրոպական արժեքները, կամ այդ արժեքները հարիր չեն»: Նա նկատի ուներ համասեռամոլությունը եւ նման շարժումները:
«Դա այլասերվածություն է, արժեք չէ»,- վստահեցրեց Հովհաննես Իգիթյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ