Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տնօրենը դիմել է Հատուկ քննչական ծառայությանը

Հոկտեմբեր 01,2013 13:34

«Հասառ» ՍՊ ընկերության նախագահ Սամվել Հարությունյանը սեպտեմբերի 26-ին դիմել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական Վահրամ Շահինյանին՝ «հնարավոր հանցագործության մասին» հաղորդմամբ, խնդրելով անհապաղ միջոցներ ձեռնարկել:

Սամվել Հարությունյանը տեղեկացրել է, որ 2011թ.սեպտեմբերի 5-ին հայց էր ներկայացրել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության դեմ , պահանջելով 44.925.714 ՀՀ դրամ բռնագանձել, որպես հատուցման գումար:

Ըստ դիմումատուի, այս տարվա մարտի 6-ի վճռով դատարանը «Հասառ» ՍՊ ընկերության հայցը բավարարել է:

Ապրիլի 25-ի վճռով էլ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել էր «ՀայՌուսգազարդի» բողոքը. մասնակիորեն բեկանել էր առաջին ատյանի վճիռը եւ մերժել վնասի հատուցման պահանջը:

Սամվել Հարությունյանի տեղեկացմամբ, վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել էր «Հասառ» ՍՊ եւ «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերությունների միջեւ 2006թ. սեպտեմբերի 1-ին կնքված «Գազի մատակարարման մասին» թիվ 0442065 պայմանագիրը:

Սամվել Հարությունյանը ՀՔԾ ուղարկած հաղորդմամբ հայտնում է, որ առկա է վերոնշյալ պայմանագրի 2-րդ հավելվածը կեղծելու մասին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տրված իր հաղորդումը, թիվ 21781301 փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի, «պատճենի վրա կատարվել են փոփոխություններ, առկա են ձեռագիր գրառումներ, ավելացվել են կլոր կնիքի թվով երկու դրոշմ, ստացված փաստաթուղթը պատճենահանվել է երկու եւ ավելի անգամներ»:

Ի դեպ, 41 օր է, ինչ հաղորդումը գտնվում է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում, սակայն դեռ ոչ մի պատասխան չկա ձեռնարկված միջոցառումների մասին:

Սամվել Հարությունյանը հղում էր կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 եւ 181 հոդվածներին՝ հանցագործության մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ գործի հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման 10 օրվա ընթացքում:

Պաշտոնատար անձի՝ հետաքննիչ, կապիտան Ա.Գրիգորյանի գործողությունները վիճարկելով՝ Սամվել Հարությունյանը գրել է.«Ա.Գրիգորյանի կողմից պատշաճ չի կատարվում քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշում ընդունելու իր պարտականությունը, եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պարտականությունը չկատարելու հետեւանքով խախտվում են «Հասառ» ՍՊ ընկերության իրավունքները, հնարավոր հանցագործության հետեւանքով հանցագործությունից տուժած անձը զրկվում է իր իրավունքները պաշտպանել ողջամիտ ժամկետում:

Պաշտոնատար անձի կողմից կատարվում է քրեորեն պատժելի արարք»:

ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածը պատասխանատվություն է սահմանում պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:Սա էլ իբրեւ հիշեցում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031