Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Միհրանյան. «Ռուսաստանն ինքն է Եվրոպան»

Հոկտեմբեր 01,2013 13:26

Այսօր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում քաղաքագետ, Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Նյու-Յորքյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Միհրանյանը խոսեց Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային Միությանը միանալու որոշման հետեւանքների, ինչպես նաեւ ներկա փուլում ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին:

«Այսօր պատահական չէ, որ շոշափվելու են այս հարցերը: Սրանք իրար հետ ներքին կապ ունեն: Հայաստանի ընտրությունը` Մաքսային միության վերաբերյալ, ինձ համար պատահական չէր: Պահպանելով վաղուց ստեղծված ջերմ կապերը ՀՀ-ի հետ, Ռուսաստանը գիտի, որ այս որոշումը պատահական  չէր, քանի որ այս ցանկությունը միշտ էլ կար: Լինելով անվտանգության եւ ռազմավարական իմաստով մի համակարգի մեջ, հնարավոր չէ տնտեսական իմաստով լինել այլ համակարգի մեջ: Բոլորս լավ գիտենք, թե քարտեզի վրա որտեղ է գտնվում Հայաստանն ու ինչ հարեւաններ մենք ունենք, այնպես, որ առաջին հերթին պետք է ելնենք մեր անվտանգության շահերից, հասկանալով, թե ովքեր են մեր բարեկամները»,- ասաց Անդրանիկ Միհրանյանը, նշելով, որ այսօր Հայաստանը մեծ կախվածություն ունի մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից:

Բացի այդ`երկրորդ ամենակարեւոր հարցը, որ կա` գազի, ատոմակայանի հարցերն են, որտեղ շատ կարեւոր է, թե ինչ դիրք պետք է բռնի մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը: Մաքսային միություն մտնելուց հետո, ըստ Անդրանիկ Միհրանյանի, գազի գինը երեսուն տոկոսով պետք է նվազի, ինչը շատ կարեւոր է:

«Մենք եղել ենք մի տնտեսական կառույցի մասնիկներ եւ մեկս մյուսին լրացնող ենք, ու մեզ համար հիմնական շուկան հետսովետական տարածքն է, ցավոք չունենք այնպիսի ապրանքներ, որոնք Եվրոպական շուկայում լինեն մրցակից: Այս որոշումը` Մաքսային միությանը միանալու, եղել է մտածված, սա ունի իր պատմությունը, հայկական կողմը միշտ էլ հետաքրքրություն է ունեցել, ուղղակի եղել են խոչընդոտներ: Սա բերեց մի արդյունքի, որ Հայաստանը սրանից հետո կկարողանա ուրիշ մակարդակով խոսել Եվրոպայի հետ, քանի որ նրանք առաջվա պես չեն ասում կամ մեզ հետ եք, կամ մեզ դեմ, հիմա նրանք պատրաստ են համագործակցել Հայաստանի հետ»,- ավելացրեց Անդրանիկ Միհրանյանը, ում խոսքով,  այսօր հնարավորություն է ստեղծվել սերտ համագործակցությունը շարունակել Եվրոպայի հետ:

«Ռուսաստանը ինքն է Եվրոպան, իսկ այն, որ որոշ մարդիկ ասում են Եվրոպական արժեքներ, պատկերացում չունեն դրա մասին: Ռուսաստանը Եվրոպական արժեքները հարգող պետություն է»,- վստահեցրեց Անդրանիկ Միհրանյանը, հավելելով, թե հայկական դիվանագիտությունն այսօր փորձում է ճկուն դիվանագիտական հարաբերություններ վարել:

«Մաքսային միության հետ կապը Հայաստանին ավելի հզոր դարձրեց, ինչպես նաեւ բանակցող`եվրոպական երկրների հետ: Հայկական դիվանագիտությունը կրկնակի հաղթանակ ունեցավ»,- եզրափակեց Անդրանիկ Միհրանյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031