Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն Լեւոն Զուրաբյանի՝ Գեւորգ Կոստանյանին համարում է Աղվան Հովսեփյանից վատը

Հոկտեմբեր 01,2013 13:18

Այսօր ԱԺ-ում շարունակվում է գլխավոր դատախազի թեկնածության քննարկումը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջարկել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը, որի մասին նախորդ շաբաթ ԱԺ գրեթե բոլոր խմբակցությունները հիմնականում դրական էին արտահայտվում:

Այսօր քննարկումը սկսվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթով, որը հայտարարեց, թե դեմ է քվեարկելու Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը:

Նա նկատեց, որ մի խումբ փաստաբաններ միանշանակ էին իրենց կարծիքում. «Երբ մտածում էինք, թե Սերժ Սարգսյանը ում կարող է նշանակել, որ Աղվան Հովսեփյանից վատը լինի, եզրակացությունը միանշանակ էր՝ Գեւորգ Կոստանյանը»: Պարոն Փաշինյանի համար հարց էր, թե «որքանով է օբյեկտիվ նման գնահատականը, երբ նույնիսկ իրենց ընդդիմադիր համարող որոշ շրջանակներ փոքր դիֆերամբներ են ձոնում նրա հասցեին», նա ենթադրում է, որ այդ դիֆերամբների պատճառը, թերեւս, վերջինիս Նոթհինգհեմյան դիպլոմն է: «Սակայն ծառը ճանաչում են պտուղից»,- հայտարարեց պարոն Փաշինյանը, նկատելով, որ Կոստանյանի տված պտուղներից մեկը Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին կատարված սպանության հետաքննությունն է, որից «վատ հոտ է գալիս»:

Այդ վատ հոտով գործի մասին Փաշինյանը ներկայացրեց իր մի շարք դիտարկումները, որոնք ներկայացրել էր նաեւ երեկ՝ Կոստանյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ: Այդ դիտարկումների արդյունքում պարոն Փաշինյանը եզրահանգում է, որ Ավետիք Բուդաղյանին մահացու վնասվածքը հասցվել է Սուրիկ Խաչատրյանի կողմից եւ որ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը նրա հանցագործությունն ուղղակի պարտակել է. »Փաստերի համադրումն ակնհայտ է դարձնում, որ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի ղեկավարությամբ նախաքննությունն ամեն ինչ արել է շրջանցելու եւ կոծկելու համար փաստերը»:

Ըստ Փաշինյանի՝ եթե նորմալ նախաքննություն իրականացվեր, գուցե թե ակնհայտ դառնար, որ վերեւից ներքեւ հասցված կրակոցի հեղինակը Սուրիկ Խաչատրյանն է, եւ խոսքը գուցե թե գնում է ոչ թե անհրաժեշտ պաշտպանության, այլ՝ դիտավորությամբ սպանելու փաստի հետ:

Եվ եզրափակեց. «Իրավական երկրում Գեւորգ Կոստանյանին ոչ թե կներկայացնեին գլխավոր դատախազի թեկնածու, այլ կկասեցնեին նրա գործունեությունը որպես զինդատախազ եւ կներգրավեին այդ գործում՝ որպես կասկածյալ»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031