Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկների մյուս թեւը եւս շինծու է համարում Վոլոդյա Ավետիսյանի դեմ ուղղված մեղադրանքը

Հոկտեմբեր 01,2013 13:07

«Մեզ համար տարօրինակ է, որ հինգ տարի առաջ կատարված հանցագործության համար այսօր ձերբակալվում է եւ կալանավորվում գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Մենք ենթադրում ենք, որ Վոլոդյայի հանդեպ շինծու մեղադրանք է, քանի որ առ այսօր չի բացահայտվել այն անձը, որը իբրեւ թե կաշառք է տվել Վոլոդյային: Նա երեք չորս ամիս շարունակ հասարակական պայքարի էր ելել, բարձրացրել ազատամարտիկների սոցիալական խնդիրները եւ այդ ընթացքում տեղյակ լինելով, որ նման խարդախություն է տեղի ունեցել, որեւէ հարցով չեն դիմել նրան: Մենք՝ ազատամարտիկներս, հայտարարում ենք, որ Վոլոդյայի ձերբակալությունը ապօրինի ենք համարում եւ երաշխավորում ենք, որ նրան ազատ արձակելուց հետո նա չի խուսափի նախաքննությունից եւ համբերատար կսպասի մինչեւ դատի օրը»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է ի պաշտպանություն ձերբակալված ազատամարտիկի միանան Հանրապետության հրապարակում նստացույց անող ազատամարտիկների խմբին՝ ասաց. «Մեր նստացույցը դեռ չի ավարտվել, մերը շարունակվում է: Մեր եւ ազատամարտիկների մյուս խմբի միջեւ եղել են գաղափարական տարաձայնություններ, չենք պատրաստվում միանալ այն խմբին, որը բարձրացնում է սոցիալական հարցեր: Եթե նրանք որոշեն փոխել իրենց պահանջները, խնդրեմ մեր դռները միշտ բաց են նրանց առջեւ: Մեր հայտարարությունը պաշտպանություն չէ՞ր Վոլոդյային, ի՞նչ է պետք է գնանք այնտեղ նստենք, ճիշտ ուղի չէ նստացույցը»:

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն էլ հավելեց. «Իշխանությունները տեսակով գող ու ապօրինի են. չենք իմանում՝ ինչու այս տրյուկն արեցին: Այն, որ նրանք խրախուսում էին ազատամարտիկների սոցիալական շարժումը՝ դա փաստ է, այս պահին չգիտենք՝ այդ նույն իշխանությունները ինչու հերթական մեյմունությունն արեցին»:

Խաչիկ Ավետիսյանն էլ պատասխանեց հարցին, թե Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը փոխե՞ց նրանց կարծիքը, թե ազատամարտիկների մյուս խումբը իշխանության մարդիկ են եւ ջուր են լցնում իշխանությունների ջրաղացին. «Այն ժամանակ ազատամարտիկների մյուս խումբը ջուր էր լցնում իշխանությունների ջրաղացին ակամա, առանց գիտակցելու: Ինչու էինք համոզված, որովհետեւ հեռուստատեսությամբ անընդհատ Վոլոդյան ու իր համախոհները բարձրաձայնում էին միայն սոցիալական խնդիրներ եւ հայտարարում էին՝ պայքարում են եւ քաղաքական դաշտ չեն մտնում: Նրանց հնարավորություն էր տրվում գնալ մարզեր եւ ազատ քարոզել սոցիալական խնդիրների պայքարը»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությամբ իշխանությունները փորձեցին վախեցնել մյուսներին. «Առանց մտածելու, որ ազատամարտիկներին վախեցնել հնարավոր չէ: Մեզ եթե չի վախեցրել Բաքվի, Աղդամի բերդերը, ո՞վ պետք է մեզ վախեցնի, սրա՞նք, որ արդեն վախեցած են»:

Ազատամարտիկ Ասլան Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, որ իրենց մարտական ընկերոջ ձերբակալությամբ ազատամարտիկին ժողովրդի աչքից ուզում են գցել. «Մարդը, որ պահանջում է սոցիալական խնդիրներ լուծել, կաշառակեր է: Մենք չենք կարող կոնկրետ ասել ինչու, ինչպես, բայց բացասական գնահատական ենք տալիս, որ առանց որեւէ փաստարկների մարդուն կալանավորում են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031