Հատված Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հարցազրույցից:
– Ձեր կարծիքով, Հայաստանը տնտեսական ի՞նչ օգուտներ ունի Մաքսային միությանն անդամակցելուց:
– Ինտեգրացիոն միավորումներին փոքր երկրների մասնակցությունը տնտեսապես արդարացված է եւ շահավետ: Մասնավորապես, դա ազատ առեւտրի գոտի է, մաքսատուրքերի բացառում, ընդհանուր շուկա, տնտեսական դաշինք, համաձայնեցված տնտեսական քաղաքականություն, ապրանքների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ, կենսաթոշակային համակարգի միասնականացում, հեռանկարումՙ արժութային միություն: Հայաստանը կարող է ՄՄ երկրների տարանցիկ միջանցքի մասնակիցը դառնալ, դեպի Պարսից ծոց ելք ապահովելովՙ եթե նկատի առնենք հայ-իրանական սահմանը եւ Երեւան-Թեհրան հարաբերությունների ձեւաչափը, ինչպես նաեւ Հայաստան-Իրան անմիջական երկաթուղային հաղորդակցության բացման հեռանկարը: Դա, անկասկած, կմեծացնի Հայաստանի դերը տարածաշրջանում: Լինելով ՄՄ անդամ, Հայաստանը կարող է ռուսական գազ ձեռք բերել առավել ձեռնտու գնով:
ՄՄ-ին անդամակցելը էապես կթեթեւացնի Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիների կյանքը, քանի որ կբացառի այցագրային ռեժիմը, որը Ռուսաստանը 2015 թվականից կսահմանի ԱՊՀ բոլոր քաղաքացիների համարՙ բացառությամբ ՄՄ անդամ երկրների:
Կարդացեք նաև
ՄՄ-ն թույլ կտա ընդլայնել սպառողական շուկան Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի, ինչպես նաեւ ՄՄ ապագա անդամ երկրների նոր առեւտրատնտեսական հարաբերությունների շնորհիվ: Եթե ներկայումս դեպի Ռուսաստանի շուկա հայկական ապրանքների արտահանությունը կազմում է շուրջ 280 մլն դոլար, ապա Բելառուսում այդ ցուցանիշը չի գերազանցում 6,7 միլիոնից, իսկ Ղազախստանումՙ 4 միլիոնից: Սակայն ՄՄ-ին մասնակցելը կարող է հանգեցնել հայկական ապրանքների արտահանության որակապես նոր աճի:
ՄՄ-ի, իսկ հեռանկարումՙ ԵվրԱսՏՄ-ի շրջանակներում հումանիտար համագործակցության մեծ ծրագիր է ենթադրվում մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդական ու սոցիալական քաղաքականության ոլորտներում: ՄՄ սոցիալ-տնտեսական քաղաքականության նոր կանոններն ու հնարավորությունները խթանում են Հայաստանի արտադրության զարգացումը, ինչը թույլ կտա ապահովել լրացուցիչ աշխատատեղեր եւ կկանգնեցնի Հայաստանի աշխատունակ բնակչության արտահոսքը: Հետագայում Հայաստանը եւ ՄՄ մյուս անդամները Ռուսաստանի միջոցով նոր հնարավորություններ կունենան արդյունավետ առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնելու BRIKS-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների հետ: ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը կավելացնի նրա տնտեսության մեջ ՄՄ մյուս երկրների կապիտալ ներդրումները: Մասնավորապես, Հայաստանում կարագանա Ռուսաստանի ու Բելառուսի հետ համատեղ նախատեսված ներդրումային նախագծերի իրականացումը արդյունաբերության, էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում:
ՄՄ-ին Հայաստանի անդամակցելը կբարելավի Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Մասնավորապես, Հայաստանի միջոցով (որի հետ Ղարաբաղը չունի մաքսատուրքեր) արցախյան արտադրողների (գյուղատնտեսության, փայտամշակման արդյունաբերության եւ այլն) արտադրանքը առավել ճանաչելի կդառնա ՄՄ երկրների շուկաներում:
Վերջապես, ՄՄ-ին եւ ԵվրԱսՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը կարեւոր նշանակություն կունենա նրա անվտանգության եւ պաշտպանունակության ամրապնդման համար, քանի որ թույլ է տալիս առավել սերտորեն ինտեգրվել Ռուսաստանիՙ գլխավոր ռազմավարական դաշնակցի հետ:
Վլադիմիր ԴԱՐԲԻՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում