Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պատասխան Էդիկ Բաղդասարյանի. «Հայաստանյան մեդիա դաշտը միշտ էլ վերահսկվել է»

Հոկտեմբեր 01,2013 12:41

Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի՝ ֆեյսբուքի իր էջում երեկ կատարած գրառումը ստիպեց ևս մեկ անգամ անդրադառնալ հայկական մեդիային։ «Յուրաքանչյուր պաշտոնյայի սրբազան պարտքն է դարձել ունենալ նվազագույնը մեկ լրատվական կայք։ Հիմա ձեռի հետ պատգամավոր աշխատող Լֆիկը միանգամից բացել է երկուսը»,- գրում է Էդիկ Բաղդասարյանը։՝

Ի՞նչն է զարմանալի, և ի՞նչն է նոր. հայաստանյան մեդիա դաշտը միշտ էլ վերահսկվել է։ Գուցե նվաստացուցիչ է վերահսկվել օլիգարխների՞ կողմից, որոնց համար թերթի բազմաթիվ ֆունկցիաներից վերջինը նոր միայն այն ընթերցելն է։ Դժվար թե։

«Բավականին ժամանակ է մտմտում եմ «Հետք» թերթը փակելու մասին։ Որովհետև մեդիա դաշտում մենք կարծես թե արդեն տեղ ու անելիք չունենք»,- գրել է. Բաղդասարյանը։ Ասել, թե «Հետքը» տեղ ու անելիք չունի լրատվական դաշտում, կարծում եմ, օբյեկտիվ եզրակացություն չէ։ Եթե մեդիա ոլորտում համատարած անառողջ վիճակ է, ապա «Հետքի» խմբագրատան վրա մեծ կողպեք կախելը դաշտի առողջացմանը նպաստող ամենաարդյունավետ միջոցը չէ։

Հայաստանում, խոշոր իմաստով, չկա ինֆորմացիայի պակաս, չկան փակ թեմաներ, որոնք բացել հնարավոր չլինի։ Եթե այսինչ թերթին գումար են տալիս՝ լռելու համար, օրինակ, թե որքանով է կոռումպացված հարկային ու մաքսային ոլորտն ու անձամբ դրանց պատասխանատուն, մյուս թերթն ամենայն մանրամասնությամբ նկարագրում է վերջինիս հեքիաթային հարստությունը։ Այս դեպքում՝ լրագրողների համար գուցե բարոյական չէ՝ գումար վերցնել՝ լռելու համար, կամ գումար վերցնել՝ ճշմարտությունը հրապարակելու համար։ Սակայն ընթերցողը, խոշոր հաշվով, անտարբեր է ինֆորմացիայի հեղինակի բարոյական նկարագրի հանդեպ։ Տեղեկատվությունն արդեն տարածված է։

Սակայն խնդիրն ամենևին այն չէ, թե Քրեական օրենսգիրքն ի՞նչ պատիժ է սահմանում կոռումպացված, բիզնեսի միանգամից մի քանի ձևով զբաղվող պետական բարձրաստիճան չինովնիկի հանդեպ։ Խնդիրն այն է, որ նա շարունակում է ողջ և առողջ պաշտոնավարել։

Բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների կոռումպացվածության, պետական դիրքի չարաշահման մասին մամուլում հրապարակումները հարյուրներով կարելի է հաշվել։ Միայն այն փաստը, թե ինչ արձագանքներ են գտնում Էդիկ Բաղդասարյանի և «Հետքի» աշխատակիցների լրագրողական հետաքննությունները, պիտի որ թույլ չտային «Հետքի» խմբագրին հուսահատվել և ձեռքերը վեր բարձրացնել։ Ի վերջո, եթե չլիներ նրա հետաքննությունն ու համառությունը, այսօր էլ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանն ազատության մեջ կլիներ:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031