Ռեժիսոր Մարինե Զաքարյանի` Վիլյամ Սարոյանի պատմվածքի մոտիվներով նկարահանած «Փասիանի որսորդը» (պրոդյուսեր Հովհաննես Գալստյան, արտադրող` «Պարալլելս Ֆիլմ») ֆիլմն ընդգրկվել էր Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ու հաջողություններ արձանագրել:
Հոկտեմբերի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Փասիանի որսորդը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը:
«Պարալլելս Ֆիլմի» արտադրության այս ֆիլմը կարճամետրաժ կատակերգական դրամա է: Կինոընկերությունը պատրաստում է ավարտին հասցնել «Կիսալուսնի ծովածոցը» եւ «Լուսավոր շրջան» ֆիլմերը:
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացած ասուլիսում Մարինե Զաքարյանն ասաց, որ «Փասիանի որսորդը» իր դեբյուտն է, չնայած մոսկովյան հաջողություններին՝ ինքը մի քիչ հուզված է պրեմիերայից առաջ:
Կարդացեք նաև
Ֆիլմը Սարոյանի պատմվածքների հիման վրա է նկարված: «Փասիանի որսորդը» նույնիսկ հայաստանյան կինոարտադրության համար` չնչին բյուջեով՝ 2 մլն դրամ, սեղմ ժամկետներում և սահմանափակ տեխնիկական միջոցներով է նկարվել, սակայն, ըստ ռեժիսորի, դա որակի հաշվին չի արվել: Ֆիլմում կիրառվել են թվային տեխնոլոգիաներ: Օպերատորն է Միհրան Ստեփանյանը, կոմպոզիտորը` Լիլիթ Նավասարդյանը, հնչունային ռեժիսորը` Լևոն Նավասարդյանը: Ֆիլմում նկարահանվել են Սամվել Վարդանյանը , Անի Գալստյանը, Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը, Կարեն և Սոս Ջանիբեկյանները:
«Փասիանի որսորդը» ստացել է նաեւ ազգային կինոյի «Հայակ» մրցանակը` «լավագույն դեբյուտ» անվանակարգում:
«Պարալլելս Ֆիլմի» հիմնադիր տնօրեն, «Լուսավոր շրջան» եւ «Փասիանի որսորդը» ֆիլմերի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը անդրադարձավ հայաստանյան ֆիլմարտադրության խոչընդոտներին, նշելով որ հաճախ ֆինանսական միջոցներն այնքան սահմանափակ են, որ ռեժիսորին ստիպում են գտնել գեղարվեստական միջոցներ: Նրա խոսքով, «Պարալլելս Ֆիլմը» ամեն ինչ անում է տեխնիկական միջազգային չափանիշներին համապատասխան եւ միջազգային շուկային հետաքրքրող ֆիլմեր նկարելու համար, նաեւ միջազգային ներդրողների ու ֆոնդերի փորձում ներգրավել: Վերջիններս, ճիշտ է, հատվածաբար են ֆինանսավորում, բայց իրենք գոնե ունենում են կատարյալ ազատություն:
«Լուսավոր շրջանի» պրոդյուսեր Կարեն Ծատուրյանը հավելեց, որ էականը փառատոների մասնակցելը չէ, այլ շուկա մտնելը:
«Լուսավոր շրջան» ֆիլմի գործադիր պրոդյուսեր Րաֆֆի Նիզիբլյանը նշեց, որ սպասում էր հարմար պահի, որպեսզի պրոֆեսիոնալ ու լայնածավալ մտածող խմբի հետ աշխատի. « Այնպես կանենք, որ ֆիլմը հանդիսատես ունենա եւ փառատոների մասնակցի: Ես կապեր կստեղծեմ միջազգային շուկայի հետ, ուզում եմ նաեւ կոչ անել տեղական աջակիցներին, որ բացի սպորտից ու երաժշտությունից, կինոյի ոլորտում էլ ներդրումներ անեն, որովհետեւ կինոյի ոլորտում էլ կարելի է հասնել ոսկե մեդալների»:
Րաֆֆի Նիզիբլյանը սկայպով կապվեց ֆրանսիացի գործընկեր եւ համաարտադրող
Լյուք Նթոնգայի հետ: Վերջինս հայտնեց, որ ուրախ է 2009-ից համագործակցել Հովհաննես Գալստյանի հետ, նաեւ շեշտեց նրա ֆիլմերին բնորոշ տաղանդն ու նրբազգացությունը: «Հովհաննեսը զգայուն ձեւով է պատմում ֆիլմերը, որոնց թեմաները միաժամանակ անձնական են եւ համամարդկային: Հանդիսատեսին ու շուկային հետաքրքրում է բացառիկ տարածքից՝ Հայաստանից եկած նյութը»,-ասաց նա:
Aravot.am-ի հարցին, հատկապես ի՞նչը հուզեց այս պատմության մեջ, «Պարալլելս Ֆիլմի» ֆրանսիացի գործընկերը պատասխանեց. «Այն, որ անցյալում կայացրած որոշումները հաճախ ազդում են մեր ապագայի վրա: Բոլորս էլ մեր կյանքում կայացրել ենք, որոշում, որը հետագայում «հետապնդել» է մեզ»:
Մեր հաջորդ հարցին ի պատասխան էլ հավելեց, որ հետաքրքրված է այն երկրով, որտեղ ծնվել է ֆիլմը եւ պատրաստվում է այցելել Հայաստան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ