«Ազատություն» ռադիոկայան. Օրերս հրապարակված Եվրոպական ինտեգրացիայի ինդեքսը, որ չափում է Արևելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման մակարդակը, անդրադարձել է նաև հայաստանյան ընտրություններին և իր հինգ գործընկերների համեմատությամբ Հայաստանի գրանցած առաջընթացին:
Այսպես, համաձայն ինդեքսի, Վիլնյուսի գագաթնաժողովից շաբաթներ առաջ և Արևելյան գործընկերության ծրագրի մեկնարկից հինգ տարի անց գործընկեր վեց երկրների դրությունը բավականին տարբեր է, անհավասար: Երկրները տարբեր կերպով և պատրաստակամությամբ են պատասխանել Եվրամիության առաջարկներին: Բոլոր երկրները արձանագրել են որոշակի առաջընթաց՝ բացի Ադրբեջանից, որը մնացել է անցյալ տարվա մակարդակին:
2012 թվականին Արևելյան գործընկերության երկրներից շատերում անցկացվեցին ընտրություններ, որոնք իսկական փորձություն էին երիտասարդ ժողովրդավարությունների համար: Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում և Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններ էին, իսկ Մոլդովան ընտրեց նախագահ: Շղթան շարունակվեց նաև 2013-ին Հայաստանում կայացած և Ադրբեջանում ու Վրաստանում սպասվող նախագահական ընտրություններով:
Հայաստանում 2012-ի խորհրդարանական և 2013-ի նախագահական ընտրություններն առանց մահացու ելքի էին` ի տարբերություն 2008-ի, հիմնականում լավ կազմակերպված էին, առանց բռնությունների` բացառությամբ ցածր ցուցանիշ ունեցող նախագահական թեկնածուներից մեկի ուղղությամբ արձակված կրակոցների:
Կարդացեք նաև
Այդուամենայնիվ, զեկույցը փաստում է, որ նախագահական ընտրությունները մրցակցային չէին, քանի որ հիմնական թեկնածուները չմասնակցեցին ընտրություններին, և արձանագրվել են մի շարք ընտրախախտումներ: ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) գնահատմամբ՝ չնայած թեկնածուները քարոզարշավի ընթացքում ազատ և հավասար հնարավորություններ ունեին լրատվամիջոցներով ելույթ ունենալու, ջանքեր էին գործադրվում ընտրողների ցուցակները տեխնիկապես բարելավելու համար, այդուհանդերձ, կար վստահված անձանց և թեկնածուների ներկայացուցիչների կողմից «անուղղակի միջամտություն», և ընդհանուր վստահությունը ընտրական գործընթացների հանդեպ մնաց ցածր մակարդակում:
Ապա զեկույցում նշվում է, որ Սերժ Սարգսյանի հաղթանակից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը բողոքի ցույցեր անցկացրեց, սակայն ընդդիմության ծրագրի բացակայությունը հանգեցրեց անբավարար ակտիվության:
Այդ ընթացքում երկիրը շարունակում էր պայքարել արտագաղթի և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների դեմ:
Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերություններին, ապա ինդեքսում նշվում է, որ Հայաստանը 2012-ին դրանցում առաջընթաց է ունեցել՝ տարբեր ոլորտներում իր միավորներով գրավելով երբեմն երրորդ, հիմնականում՝ չորրորդ հորիզոնականը` Մոլդովայից, Վրաստանից, Ուկրաինայից հետո:
Եվրոպական ինտեգրման ինդեքսն արձանագրում է, որ Հայաստանում 2012-ի և 2013-ի ընտրություններից առաջ հայ քաղաքական գործիչները խուսափում էին Մաքսային միության հետ համագործակցության թեմայից, ինչը ցույց է տալիս հարցի կարևորությունը:
Համաձայն զեկույցի` Հայաստանում ընտրական մթնոլորտի բարելավում է արձանագրվել լրատվամիջոցների կողմից լուսաբանման հարցում: Միաժամանակ, իշխող կուսակցության օգտին վարչական ռեսուրսների օգտագործումը, ձայների գնումը, ազդեցիկ թեկնածուների չմասնակցությունը և ընտրությունների հանդեպ վստահության ցածր մակարդակը նշանն են այն բանի, որ Հայաստանում ընտրությունները ազատ և արդար, եվրոպական չափանիշներին ամբողջապես համապատասխան չեն եղել:
Ըստ զեկույցի, թեև Հայաստանում արդարադատության և դատական ոլորտներում իրականացվել են մի շարք բարեփոխումներ, շատ խնդիրներ մնում են դեռ չլուծված: Դատական համակարգը դեռ մեծ կախվածության մեջ է գտնվում գործադիր մարմնից:
Էլինա Չիլինգարյան