Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր է նշանակվել ռուսական ՈւՀԱ-ի (Ուրախների եւ հնարամիտների ակումբ) վերջին սերնդի վառ ներկայացուցիչներից Մաքսիմ Կիսելյովը։
Ռուս երիտասարդ «KBH»–շիկն իր պաշտոնում նշանակվել է մոտ երկու շաբաթ առաջ, հետաքրքիր զուգադիպությամբ՝ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Կրեմլում հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու պատրաստակամության մասին։
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կիսելյովի նշանակումը իր նախաձեռնությունն է։
1981 թվականին ծնված Մաքսիմ Կիսելյովը Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքի «Տրիոդ եւ Դիոդ» ՈՒՀԱ թիմի ավագն է եղել։ 2008թ.-ին այս թիմը ՈՒՀԱ Պրեմիեր լիգայի հաղթող է եղել։
Կարդացեք նաև
Ինչ մնում է հեռուստատեսային աշխատանքին, Կիսելյովը պրոդյուսերական աշխատանքի շատ մեծ փորձ չունի եւ խոշոր ու օրիգինալ պրոյեկտներով դեռ չի հասցրել աչքի ընկնել։ Դեռեւս 3 տարի առաջ Մաքսիմը ՈՒՀԱ ակումբի ավագ էր, այնուհետեւ՝ ռուսական «Էս-Տե-Էս» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Ծիծաղ մեծ քաղաքում» («Смех в большом городе») հումորային շոուի պրոդյուսերն էր։ Եվ միանգամից Հայաստանի Հանրային հեռոատաընկերության գլխավոր պրոդյուսեր։
Իր մասին Կիսելյովը ռուսական հաղորդաշարերից մեկի ժամանակ այսպես է խոսում. «Ինչպես ցանկացած նորմալ մարդու մոտ, ինձ համար դժվար է արթնանալ։ Ես ատում եմ զարթուցիչը, ես ատում եմ զարթուցիչի ձայնը, ես սիրում եմ մահճակալն ու բարձը։ Եվ միշտ մտածում եմ, թե ինչու եմ այդպես ուշ քնում»։
Ի դեպ, Հանրայինում եւս մեկ ուշագրավ փոփոխություն է տեղի ունեցել այս նոր եթերաշրջանում եւ՝ նույնպես պրոռուսական։ «Հ1» լոգոն դարձել է «1»։ Մասնավոր կարծիքներ կան, որ սա Ռուսաստանի Հանրային հեռուստաընկերության՝ ՕPT–ի լոգոյի նմանակումն է։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացի և առաջին արձագանքս այս եղավ. ,,Ի~նչ լավ է, որ այլևս այդտեղ չեմ աշխատում,,:Հայկական Հանրայինում ի՞նչ կապ ունի ռուս պրոդյուսերը:Այդքան ծանո՞թ է հայկական արժեքներին ու հայ մարդուն:Ինձ թվում է Ջաղինյանը նաև նրա դասատուն է լինելու, եթե ,իհարկե, կկարողանա: