Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Խնդիրներից մեկն այն էր, որ որեւէ քաղաքական ուժ չաջակցեց»

Հոկտեմբեր 01,2013 11:59

Այսօր «Հայելի» ակումբում Սյունիքի 38 ընտրատարածքի ընտրությունների մասին գնահատական տալիս ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ հասարակությունը ծանոթ է ընտրությունների թվերին. «85 տոկոս ձայն հավաքած թեկնածուին նորից ասել կեղծված ընտրություններ՝ սխալ կլինի: «Ժառանգությունը» պետք է իր պարտությունը փնտրի կամ իր քաղաքական ուժի մեջ, կամ իր կոնկրետ թեկնածուի հետ կապված: Նա պայքարել է, կռվել է, բայց կարծում եմ, կարելի էր այլ թեկնածու գտնել: Մեր թեկնածուն նորմալ, տարածքում ընդունված մարդ է, կյանքի փորձ ունի: Ուղղակի այստեղ պետք է շնորհավորել նորընտիր պատգամավորին եւ ամեն դեպքում սեփական դաշտում խնդիրները գտնել, ոչ թե դիմացինին սկսել մեկնաբանել, թե օրենքի խախտում են արել, էս են արել, էն են արել»:

Նա նաեւ նշեց, որ ընտրատեղամասերից որեւէ էական բողոք չի եղել:

«Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը դիտարկմանը, որ որտեղ դու լինում ես, ինչ-որ միջադեպ է լինում՝ ասաց, որ կարելի է ամեն տեղ լինել, ամեն ինչ տեսնել, բայց ոչ մի բան չնկատել, չխոսել. «Մենք գիտենք ՀՀԿ-ական մարզպետին, ով Սյունիքը դարձրել էր իր իշխանական կալվածքների տարածքը: ՀՀԿ-ի թեկնածուն այն թեկնածուն էր, ում կապանցիները հատկապես չեն սիրում, ասում էին՝ եթե մի ուրիշ թեկնածու լիներ՝ սրտանց կգնայինք, կպայքարեինք: Նա Սուրեն Խաչատրյանի թեկնածուն էր, նրա ազդեցությունը շարունակում է մնալ»:

Ըստ Դավիթ Սանասարյանի, Վահե Հակոբյանից մարդիկ չէին վախենում, դեռ վախը կար Սուրիկ Խաչատրյանից եւ դա մեկ օրվա, մեկ տարվա կուտակված վախ չէ, որ այդպես արագ անցնի:

Դավիթ Սանասարյանի խոսքերով՝ խնդիրներից մեկն էլ այն էր, որ որեւէ քաղաքական ուժ չաջակցեց. «Բայց այնպես չէ, որ չեն աջակցել, դրա համար չենք հաղթել»:

Հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Կապանում հաղթանակ տարավ այն ժամանակ, երբ Սուրիկ Խաչատրյանն իր փառքի գագաթնակետին էր, չե՞ք կարծում, որ խնդիրը թեկնածուի մեջ էր՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Ի տարբերություն ՀՀԿ-ի թեկնածուի, նա ճանաչված թեկնածու էր, եղել է ազատամարտիկ: Բազմաթիվ տեղեր մտնելով՝ ես տեսել եմ, թե նրա նկատմամբ ինչ վերաբերմունք կա»:

Դավիթ Սանասարյանի մեկնաբանությամբ՝ նախագահական ընտրությունների հետ պետք չէ համեմատել, քանի որ այս ընտրությունների նկատմամբ որոշակի անտարբերություն կար. «Այլընտրանք, ամեն դեպքում, պետք էր ցույց տալ»:

Ըստ Սուքիաս Ավետիսյանի, եթե վախենային, մարդիկ չէին գնա ընտրության եւ վախի մթնոլորտի հետ կապել դա չի կարելի:

Հարցին՝ հիմա Սյունիքում չկա՞ Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը՝ Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Մարդ, որը մասնակցել է պատերազմին, մարդ որը երկար տարիներ եղել է պաշտոնի, ո՞նց կարող է դա մեկ օրում վերանալ: Եթե երկու տասնամյակ մարդը որոշակի խնդիրներ է լուծել այդ տարածքում, միանգամից ազդեցությունը չեզոքացնել չի լինի»:

Այսօր կա նոր մարզպետ, բերեք ամեն ինչը չփորձենք անընդհատ հետ տանել: Մենք խոսում ենք այսօրվա փաստերի մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031