Երեւանը վերածվել է քարուքանդ փողոցներով մի փնթի քաղաքի, որտեղ անընդհատ ինչ-որ բան քանդում են, ապա ամիսներ շարունակ սարքում, որ հետո՝ առավելագույնը երկու տարուց, նորից քանդեն։ Ընդ որում, դա հաճախ արվում է, մեղմ ասած, աննպատակահարմար վայրերում, որտեղ վերանորոգման անհրաժեշտությունն իսպառ բացակայում է։
Օրինակ՝ որեւէ մեկի համար հասկանալի չէ, թե որն էր Իսակովի պողոտայի միանգամայն հարթ ասֆալտաշերտը քերելու ու պողոտան մոտ մեկ ամիս կաթվածահար անելու նպատակը կամ Աբովյան փողոցը կրկին ասֆալտապատելու անհրաժեշտությունը։ Փոխարենը դժվար չէ մատնանշել Երեւանի այն վարչական շրջանները, այդ թվում եւ նույն Կենտրոնը, որտեղ առկա են տասնյակ քարուքանդ փողոցներ։
Մի՞թե կարելի է այդքան անսրտացավ լինել քաղաքի՝ առանց այդ էլ սակավ միջոցների հանդեպ, եւ մի՞թե Տարոն Մարգարյանի համար դժվար էր փոքրիկ շրջայց կատարել՝ տեսնելու համար ասֆալտապատման կարոտ փողոցները։
Ընդհանրապես, տարօրինակ է, որ այս խնդիրը չի հուզում քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք իրենց հռչակել են քաղաքի տերը։ Կարծում ենք, որ արժե նաեւ քաղաքացիական ճնշում բանեցնել Երեւանի իշխանությունների վրա՝ պարզելու համար, թե ով եւ ինչ չափորոշիչներով է որոշել, որ պետք է քաղաքի ասֆալտապատ փողոցները պարբերաբար քանդվեն, իսկ քանդված փողոցները այդպես էլ չասֆալտապատվեն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում