Երեկ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց Հայաստանի նախագահության վեց ամիսները ԵԽ նախարարների կոմիտեում: Այնուհետև ԵԽԽՎ պատվիրակները հարցուպատասխան ունեցան ՀՀ արտգործնախարարի հետ: Պատվիրակներին մասնավորապես հետաքրքրում էին ղարաբաղյան հակամարտությանը և գենդերային ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Եվրոպացի պատվիրակներին հետաքրքրեց ՀՀ-ում կանանց դեմ բռնությունների աստիճանը, ընտանեկան բռնության ցուցանիշները և այլ հարցեր:
Պատվիրակներից մեկն էլ հետաքրքրվեց` ՀՀ-ում ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման և գենդերային հավասարության ապահովման առումով: Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Գենդերային հավասարությունը մարդու հիմնարար իրավունքների համատեքստում կենտրոնական դերակատարություն ունի: Դեռ այս բնագավառում շատ անելիքներ կան: Մենք բոլորս գիտակցում ենք, որ գենդերային հավասարության ապահովման հարցը պահանջում է քաղաքական կամք և ֆինանսական ներդրումներ: 2012-ին ստեղծվեց գենդերային հավասարության կոմիտեն, որի աշխատանքներն այս տարի նոր թափ կստանան 2014-ի նոր գենդերային քաղաքականության շրջանակներում: Այդ իսկ պատճառով ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին ՀՀ օրենսդրության մեջ որոշակի փոփոխություններ կատարել` ՀՀ օրենսդրությունը միջազգային նորմերին այս առումով համապատասխանեցնելու համար»:
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ