Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է հայ օլիգարխը ՌԴ-ում ստացել գիտական աստիճան

Հոկտեմբեր 01,2013 11:13

Ռուսական «dissernet.org» կայքը, որը մասնագիտացած է Ռուսաստանում գիտական աստիճան ստացած անձանց ատենախոսությունները (դիսերտացիաները)  ուսումնասիրելու եւ զեղծարարությունները բացահայտելու գործում, նախորդ օրը հրապարակել է հայ գործարար «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի «գիտական աշխատանքի» մանրամասն ուսումնասիրությունը։

2008 թվականին Բաղդասարովը պաշտպանել է «Մտավոր կապիտալը կորպորատիվ հարաբերությունների համակարգում» թեմայով ատենախոսությունը եւ ստացել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Կայքում տեղադրվել է նրա 192 էջանոց ատենախոսությունը, որից պարզվում է, որ այն առնվազն 80 տոկոսով կրկնօրինակված է երկու այլ անձանց ատենախոսություններից, որոնք պաշտպանվել են 2004 եւ 2006 թվականներին։ Ընդ որում, կրկնօրինակումը բառացի է՝ նույնիսկ առանց ստորակետի փոփոխության։

Կայքում զետեղված բացատրությունից հասկանալի է դառնում, որ համեմատվել է բացառապես ատենախոսության տեքստային մասը, իսկ նկարները, գրաֆիկները, աղյուսակները չեն համեմատվել։ Այսինքն` բացառված չէ, որ եթե դրանք էլ համեմատվեին, ապա կրկնօրինակումը կլիներ ասենք՝ 95 կամ 100 տոկոս։

Երեկ փորձեցինք այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ Միխայիլ Բաղդասարովից, սակայն պատասխանեցին «Միկա Լիմիթեդ»-ից։ «Փոխառությունը պաշտպանական գործունեության մեջ բնական երեւույթ է, ինչի մասին փաստում են նաեւ գիտնականները։ Դրա հիմքի վրա են զարգանում նաեւ նոր գաղափարները»,- փոխանցեցին «Միկա Լիմիթեդից»։

Շատ հետաքրքիր կլիներ թվարկել այն «գիտնականների» անունները, որոնց հղում են անում «Միկա Լիմիթեդում»։ Տեսնես՝ այդ ինչ «նոր գաղափարներ են զարգանում» ուրիշների ատենախոսությունների առնվազն 80 տոկոս տառացի կրկնօրինակմամբ։

Մի կարեւոր փաստ եւս։ Ըստ կայքի հրապարակած պաշտոնական տեղեկատվության, Բաղդասարովը իր ատենախոսությունը պաշտպանել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, աշխատանքը իրականացվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի էկոնոմիկայի ինստիտուտում, իսկ «ղեկավար կազմակերպությունը» Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Շուկայի պրոբլեմների ինստիտուտն է։ Այսինքն` ստացվում է, որ փող ունեցող ցանկացած անձ կարող է «դիսերտացիա գրել» ու տանել՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում ու գլխավոր ԲՈԻՀ-ում «պաշտպանել»։ Սա էլ խոսում է այդ երկրի գիտության եւ կրթության ոլորտում տիրող բարքերի մասին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mariam says:

    Շատ մի զարմացեք, մեզ մոտ էլ նույն կերպ կարելի է նույնիսկ դոկտորի աստիճան ստանալ:

  2. Spartak says:

    Ես չեմ զարմանա, որ մի օր էլ տեղեկանամ, որ մեր օլիգարխները մեկը մյուսի ետևից թեկնածուական են պաշտպանել բեմարվեստի պատմությունից կամ գրականագիտական մենախոսությունների հեղինակներ են:Արդեն այնքան վաղուց չեմ զարմանում, երբ իմացա, որ իրականում տարրական կրթություն չստացած մեծահարուստները բարձրագույնի դիպլոմներ ունեն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031