Օգոստոսի 24-ին Կոմիտաս փողոցում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցան բախումներ: Բնակիչները բողոքում էին, որ Կոմիտաս 5 հասցեում բազմաբնակարան շենքը կառուցվում է ճարտարապետական նորմերի բազմաթիվ խախտումներով,ինչի հետևանքով կփակվեն հարակից շենքերի արևն ու լուսավորությունը` նվազելով օրական 12 ժամից 3 ժամի, բացի այդ բնակչությունը կզրկվի շրջապատող վերջին ծառերից: Չնայած այս վեճը գտնվում է դատարանի վարույթում, քաղաքացիներըչ հավատալով դատարանի արդարությանն ու անաչառությանը՝ որոշեցին իրենց բողոքն արտահայտել ցույցի միջոցով:
Կոմիտաս 5-ում շինարարական աշխատանքների դեմ բողոքող մի քանի տասնյակ քաղաքացիներ խաղաղ և առանց զենքի իրենց ժամանակավոր ներկայությունն էին ապահովել Կոմիտաս փողոցի մայթեզրին և երթևեկելի հատվածում՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու և արտահայտելու մտադրությամբ: Երկու և ավելի քաղաքացիների նման գործողությունը ըստ օրենքի բնորոշվում է որպես իրազեկում չպահանջող, խաղաղ, ինքնաբուխ հավաք և այն կարող է տևել մինչև 6 ժամ: («Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 2, 26 և 27 հոդվածներ): Հավաքի ընթացքում ոստիկանության աշխատակիցները մի քանի անգամ դիմեցին քաղաքացիներին՝ պահանջելով դադարեցնել ակցիան և որակելով Կոմիտասի պողոտայի երթի խափանումը հասարակական կարգի խախտում: Հավաքը սկսելուց շուրջ 50 րոպե հետո ոստիկանությունը կիրառեց ֆիզիկական ուժ, բերման ենթարկեց տասնյակ քաղաքացիների և ցրեց հավաքը:
Համանման մի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է Հայաստանի համար նախադեպային և պարտադիր իրավունքի ուժ ունեցող որոշում: Այդ գործով ևս, մի քանի տասնյակ մարդ կազմակերպել էին ցույց՝ հանրության ուշադրությունը գրավելու նպատակով: Այդ գործով ևս Ոստիկանության աշխատակիցները բազմիցս տեղեկացրել էին ցուցարարներին ցույցի անօրինականության, ինչպես նաև հասարակական կարգը խախտելու մասին և հրահանգել դադարեցնել ցույցը, մինչդեռ ցուցարարները, չկատարելով ոստիկանության պահանջը, շարունակել էին ցույցը: Հավաքը սկսելուց շուրջ 30 րոպե հետո ոստիկանությունը ֆիզիկական ուժ էր կիրառել, և հավաքը ավարտվել էր ցուցարարների ձերբակալությամբ: (Տես Օյա Աթամանն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի որոշում)
Ոստիկանության գործողությունները համանման այս գործով Եվրոպական դատարանը գնահատել էր ոչ իրավաչափ և դրանք որակել իշխանությունների կողմից հավաքն ավարտին հասցնելու ահնամբերության (անհանդուրժողականության) դրսևորում:Եվրոպական դատարանը նման իրավիճակում գտավ, որ բացակայում էր ցուցարարների կողմից հասարակական կարգին վտանգ ներկայացնելու վերաբերյալ որևէ ապացույց, բացառությամբ երթևեկությանը խոչընդոտելու հանգամանքը: Եվրոպական դատարանը սահմանեց, որ հասարակական վայրում կազմակերպված հավաքը, անշուշտ, կարող է հանգեցնել առօրյայի բնականոն ընթացքի, այդ թվում երթևեկության, որոշակի խափանման: Ըստ այդմ, Եվրոպական դատարանը վճռեց, որ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ հավաքին միջամտությունն անհամաչափ է եղել և անկարգությունների կանխման համար ոչ անհրաժեշտ:
Կարդացեք նաև
Ուշադրության է արժանի Եվրոպական դատարանի մեկ այլ որոշումը Մահմուդովն ընդդեմ Ռուսաստանի գործով: Այս դեպքում ևս իշխանությունները արգելել էին նոր բազմաբնակարան շինության դեմ ուղղված խաղաղ հավաքի իրականացումը: Չնայած իշխանությունների արգելքին, հավաքն, այնուամենայնիվ, տեղի էր ունեցել, սակայն ոստիկանության աշխատակիցները դադարեցրել էին խաղաղ հավաքը: Ռուսաստանի իշխանություններն իրենց գործողությունները հիմնավորելու համար որպես փաստարկ բերել էին «ահաբեկչական գործողությունների բռնկման» վտանգը: Այս գործով ևս Եվրոպական դատարանը ոստիկանության գործողությունները որակել էր որպես մարդու իրավունքների խախտում՝ շեշտելով, որ հավաքի կազմակերպման նկատմամբ արգելքները պետք է միմիայն կիրառվեն հավաքների ընթացքում բռնության և անկարգությունների լուրջ վտանգի առկայության դեպքում, և պետությունը չպետք է ուռճացնի բռնության վտանգը որպես հավաքի կազմակերպման խոչընդոտման միջոց:
Կոմիտաս 5-ում երթևեկության խոչընդոտումը լուրջ վտանգ չէր սպառնում ռազմավարական նշանակության որևէ օբյեկտի կամ պետական մարմնի բնականոն գործունեության համար: Ավելին, ոստիկանության աշխատակիցներն ունեին հավաքը դադարեցնելու փոխարեն իրավիճակը կարգավորելու այլընտրանք: Ոստիկանությունը կարող էր տրանսպորտային միջոցներին հրահանգել շրջանցել Կոմիտաս փողոցի այդ հատվածը և երթևեկել հարակից Հրաչյա Քոչար կամ Արամ Խաչատրյան պողոտաներով: Անհրաժեշտ էին միայն շրջանցին ուղղված համապատասխան տեխնիկական միջոցների ձեռնարկում, երբ կարող է արգելափակվել տրանսպորտային երթևեկության իրականացման համար նախատեսված պողատայի մի հատվածը: Նման պրակտիկա Երևանում շատ հաճախ կիրառվում է ճանապարհային նորոգման աշխատանքների, պաշտոնական պատվիրակությունների երթևեկության, հրապարակային միջոցառումների և այլ դեպքերում:
Այսպիսով, հիմք ընդունելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, կարող ենք եզրակացնել, որ Կոմիտաս 5-ի բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ՝ դրսևորելով անհամբերություն և անհանդուրժողականություն: Բացի այդ, ուսումնասիրելով այդ հավաքի առանձին միջադեպեր, գտնում ենք, որ Ոստիկանությունը խախտել է նաև առանձին մարդկանց իրավունքներն ու ազատությունները: Նման եզրահանգման հիմնավորումները ներկայացված են ստորև.
1. Զանգվածային լրատվամիջոցներում լայնորեն տարածված տեսագրության մեջ (աղբյուր՝ https://www.youtube.com/watch?v=57XiXRqGli4#t=15, այսուհետ՝ տեսագրություն) կարելի է նկատել, որ հավաքի մասնակից Արգիշտի Կիվիրյանը, մի քանի դրվագներում չի կատարում ոստիկանության ծառայողների պահանջները, որակելով դրանք անօրինական (տեսագրություն՝ 05:50 – 06:20 րոպեներ): Այնուհետև Ոստիկանության ծառայողները Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կիրառում են ֆիզիկական ուժ (գետնին տապալել և/կամ հարվածել)` նույնիսկ վերջինիս կողմից դիմադրության բացակայության պարագայում (տեսագրություն՝ 08:38 – 09:15; 24:14 – 24:55 րոպեներ):
Միևնույն ժամանակ, ակցիային մասնակցող, սակայն արդեն վնասազերծված և այլ իրավախախտում չկատարող անձանց նկատմամբ Ոստիկանության կողմից կիրառվել է ֆիզիկական ուժ և դրսևորվել անհարկի ագրեսիվ վերաբերմունք` հատկապես նշված անձանց ոստիկանության ծառայողական մեքենա նստեցնելիս (տեսագրություն՝ 02:30-02:45, 27:38 – 27:48 րոպեներ): Բացի այդ, Ոստիկանության կողմից մեկից ավել անգամներ ֆիզիկական ուժ (քաշքել), ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերվել այն քաղաքացիների նկատմամբ, որոնք տվյալ պահին չէին խախտում հասարակական կարգը (տեսագրություն՝ 08:38 – 09:15; 24:14 – 24:55; 02:30 – 02:45, 27:38 – 27:48 րոպեներ)
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանության ծառայողը պարտավոր է ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի: Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
Եվրոպական դատարանը իր մի շարք նախադեպային որոշումներում հայտնել է, որ հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը պետք է լինի համաչափ և անհրաժեշտ հավաքի ընթացքում դրսևորված անկարգությունների կամ հանցագործությունների կանխման համար (տես` Օյա Աթամանն ընդդեմ Թուրքիայի, Իզցին ըննդեմ Թուրքիայի, Գալստյանն ընդդեմ Հայաստանի): Եվրոպական դատարանը սահմանել է նաև, որ երբ անձն արդեն փաստացիորեն վնասազերծվել է,վերջինիս նկատմամբ ուժի չարդարացված կիրառումը հանդիսանում է մարդու իրավունքների խախտում (տես նաև` Կլասն ընդդեմ Գերմանիայի, Ռեբոքն ընդդեմ Սլովենիայի, Գյունայդինն ընդդեմ Թուրքիայի):
Այսպիսով, վնասազերծված և այլ իրավախախտում չկատարող անձանց նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված ֆիզիկական ուժը իրավաչափ չէ, և նման ուժ կիրառող ոստիկանները պետք է ենթարկվեն պատասխանատվության:
2. Սկսած ազատության սահմանափակման պահից ակցիային մասնակցող անձանց իրավունքները չեն պարզաբանվել: Վերջիններիս ազատությունը սահմանափակելու պահից (վճռաբեկ դատարանի ԵԱԴԴ 0085/06/09) բերվածի կարգավիճակի առանձնահատկությունները հաշվի առնելով (նախնական և կարճաժամկետ բնույթը)` բերվածը պետք է օժտված լինի առնվազն հետևյալ իրավունքներով. ա) իմանալու իրեն արգելանքի վերցնելու պատճառը (բ) տեղեկացնելու իրեն բերման ենթարկելու մասին, (գ) հրավիրելու իր փաստաբանին, (դ) լռելու:
3. Ոստիկանության մի շարք ծառայողներ քաղաքացիների հետ հաղորդակցման ընթացքում չեն պահպանել պրոֆեսիոնալիզմը և թույլ են տվել էթիկայի կանոնների կոպիտ խախտումներ, մասնավորապես` օգտագործելով անհարգալից, վիրավորական արտահայտություններ (տեսագրություն՝ 21:04-21:53 րոպեներ): Նշվածի առիթ կարող էր հանդիսանալ հատկապես այն, որ ոստիկանության աշխատակիցների հասցեին հնչել էին վիրավորական արտահայտություններ (օրինակ` անասուն, տեսագրություն՝04:50-05:14 րոպեներ): Բայց նույնիսկ, երբ քաղաքացիները վիրավորում են ոստիկանին, դրանով իսկ կատարելով քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն, ապա նման իրավիճակներում ոստիկանները պետք է ոչ թե հակադարձ են հայհոյանքներով և վիրավորանքներով, այլ ձերբակալեն հանցանք կատարած անձին և օրենքով սահմանված կարգով ենթարկեն պատասխանատվության:
4. Դրվագներից մեկում Ոստիկանության աշխատակիցն իր լիազորություններն իրականացնելիս թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում` սեռական բնույթի գործողություն դրսևորելով ակտիվիստներից մեկի նկատմամբ, ինչն իրենից ներկայացնում էսեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով:
5. Քաղաքացիական հագուստով ՀՀ ոստիկանության աշխատակիցները հավաքի ընթացքում իրականացրել են Ոստիկանության աշխատակցի գործառույթներ (տեսագրություն՝ 16 :07-16 :40 ; 18 :00-18 :45 րոպեներ): Այնինչ, համաձայն «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի` հասարակական կարգի պահպանության ապահովմանը մասնակցելիս ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության զորքերի զինծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ: Նման պահանջ է նաև սահմանված ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից հրատարակած «Խաղաղ հավաքների ազատության ուղեցույց»-ում, որտեղ նշվում է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները պետք է լինեն հստակորեն և անհատապես ճանաչելի: Համազգեստ կրող նշված անձինք պետք է համազգեստի վրա փակցնեն նույնականացնելու տարբերանշաններ, որոնք չպետք է թաքցվեն կամ հանվեն և պետք է հասանելի լինեն անձանց` հավաքի ժամանակ ընթերցելու համար:
Պաշտպանի աշխատակազմ