«Առաջին իսկ օրվանից, երբ քաղաքապետարանը ներկայացրեց տրանսպորտի ուղեվարձի թանկացման հաշվարկ հիմնավորումը, տվեցի տնտեսական գնահատական, որտեղ հստակ նշվում է, որ նրանց հաշվարկները չեն համապատասխանում իրականությանը: Եթե անգամ ներդրվեն բոլոր ծախսերը, որոնք գրել են, ապա մեքենաները պետք է շահագործվեն ոչ թե 5 այլ 10 տարով եւ, նախ և առաջ հաշվարկեն ուղեւորների թիվը»,- այսօր Մաշտոցի պուրակում տրանսպորտի ոլորտի հիմնախնդիրներով և ուղեվարձի թանկացման հարցով հանրային հանձնաժողովի ստեղծման մասին հանրային քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նա նաեւ ասաց՝ երբ փորձել է իր այդ դիտարկումները ներկայացնել քաղաքապետարանում, փոխքաղաքապետ Նիկոյանը սաստել է. «Հետ չենք նայում՝ նայում ենք առաջ»:
Պիպոյանի խոսքերով, իր հարցադրումից հետո շահագրգիռ կողմեր ուղեվարձի թանկացման հարցը քննող հանձնաժողովում չեղան, ու չքննարկվեց այն հարցը, թե ինչու չեն քննարկում իր առաջարկները:
Նա վստահեցրեց՝ Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անելու է, որ հաշվարկ-հիմնավորումը ներկայացվի վաղվա տրանսպորտի համար. «Այսինքն, մենք երբեք գազելների մեջ չենք տեսնելու կանգնած մարդ եւ բոլոր գազելները շահագործվելու են կատարյալ պայմաններում: Չհամաձայնել առաջարկության հետ, չենք կարող, որովհետեւ քաղաքակիրթ երթևեկություն բոլորս ենք ցանկանում, բայց շատ կարևոր նախապայման՝ չպետք է թողնենք մոլորեցնեն մեզ: Այսինքն` գնում ենք դեպի քաղաքակիրթ տրանսպորտի հստակ մեխանիզմ ունենալու»:
Կարդացեք նաև
«Հայտարարում ենք անվստահություն Երևանի ավագանուն և բոլորին ուղարկում ենք տուն, բացի միջազգային գրոյսմայստերից»,- Պիպոյանին շարունակեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանն էլ հակադարձեց՝ գրոյսմայստերին էլ է պետք ուղարկել:
Սպառողների պաշտպանը տուն ուղարկեց նաեւ «Ժառանգության» ավագանու անդամներին. «Այնտեղ կան «Ժառանգության» իմ ընկերները՝ նույնպես պետք է տուն գնան, ինձնից չնեղանան, և հետ գան ոչ թե 6, այլ 26 հոգով»:
Պարոն Պողոսյանը, անդրադառնալով ուղեվարձի հարցը քննարկող հանձնաժողովի ստեղծմանը, ասաց, որ ինքը չի մերժում ոչ մի ամբիոն և հնարավորություն՝ օգտակար որևէ բան անելու համար, բայց. «36 մասնակիցներից մոտ 8 հոգու տեսա, որ գործից հասկանում են: Եթե եկել են հանձնաժողով ու ասում են՝ վարորդի փողկապը, մեր ժամանակն ափսոս է, վարորդի փողկապը նույնպես կարեւոր է, բայց դա 7-րդ կարգի հարց է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ