«Ես մերժում եմ պատերազմը եւ հավատում Սիրիայի լուսավոր ապագային: Այն անապատ չէ»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց Լուսանկարիչ Վահե Շահինյանը:
Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում բացվեց սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանի «Սիրիան իմ հիշողություններում» լուսանկարների ցուցահանդես-վաճառքը, որի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնության ծրագրերին:
Լուսանկարչի խոսքով Սիրիան իր հմայքով ներկայացվեց ոչ այսօրվա տեսքով, այլ այնպիսին, ինչպիսին կար պատերազմից առաջ, որպեսզի այն սիրիահայերը, ովքեր ապրում են Հայաստանում իրենց անցյալը հիշեն եւ տեղացիներին պատմեն իրականը: Սիրիան միայն պատերազմի դաշտ չէ, այն արաբական երկրների լավագույն երկիրն է եւ նախանձ կա հենց այդ պատճառով: Ցուցադրված նկարները երբեք ոչ մի տեղ մենք չենք գտնի, քանի որ դրանք անտիկ գործեր են.
«Քրիստոնեությունն ու աշխարհում առաջին այբուբենը Սիրիայից է ծագել: Սիրիան մեծ, հնագույն պատմություն ունի»:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսին ներկայացված էր նկարչի մոտ 30 տարվա աշխատանքները: Որոշել է օգնել սիրիահայերին և ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթը տրամադրել նրանց: Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանում ապրող 10 հազարից ավելի սիրիահայերի մոտ լավ հիշողություններ արթնացնելը:
«Սիրիայում խաղաղություն էր, իսկ Եվրոպան, Ամերիկան ու Իսրայելը չեն ուզում Սիրիան բարգավաճի, զորանա, այսօր Սիրիան հիսուն տարի հետ գնաց: Մոտ 20-30 հազար հայեր դեռ այնտեղ են: Ապրելը հիմա Սիրիայում բախտ է, չգիտես` ինչ կլինի հաջորդ րոպեին, մեքենա կպայթի կամ մեկ ուրիշ բան»:
Ցուցահանդեսը բացվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, ում լուսանկարիչն իր նկարը նվիրեց և շնորհակալություն հայտնեց հայրապետական հոգատարության ու սիրիահայերին ցուցաբերած հսկայական օգնության համար:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 11-ը: Այն բացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ: Լուսանկարների արժեքը 50-ից 180 հազար դրամի սահմաններում է տատանվում:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ