Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին ներկայացրեց ԵԽ Նախարարների կոմիտեի անցյալ չորս ամիսների գործունեությունը, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը, կազմակերպված միջացառումների արդյունքները և նախատեսվողների նախապատրաստական աշխատանքները։
«Հայաստանի նախագահության չորս ամիսների ընթացքում մեզ հաջողվեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում հաստատել և ստորագրման ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ և 16-րդ արձանագրությունները, ինչը ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված ԵԽ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմի կատարելագործմանը»,- ասաց ԵԽ Նախարարների կոմիտի նախագահը։
Անդրադառնալով ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններից Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին՝ Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին տեղեկացրեց հոկտեմբերի 21-22-ը Երևանում կազմակերպվելիք բարձր մակարդակի համաժողովի նախապատրաստական աշխատանքների, քննարկվելիք թեմաների մասին։
Կարդացեք նաև
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները, մասնավորապես՝ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 8-րդ լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպումը։
Էդվարդ Նալբանդյանը նշեց նաև, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը խթանելու և պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում պետք է երաշխավորվի անհատների իրավունքների պաշտպանությունը Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։ «Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը ՝ համընդհանուր արժեքները և սկզբունքները խթանելու նպատակով»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն անդրադարձավ հարևան տարածաշրջանների՝ ժողովրդավարացման ճանապարհին գտնվող երկրների՝ Եվրոպայի խորհրդի հետ հարաբերվելու ձևաչափերի մշակման կարևորությանը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ Նախարարների կոմիտեն որոշել է ԵԽ գրասենյակներ հիմնել Ռաբաթում և Թունիսում։
Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ԵԽ գործունեությանը, կազմակերպության հայկական նախագահությանը, միջազգային և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող խորհրդարանական վեհաժողովի անդամների բազմաթիվ հարցերին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ։
Հանդիպմանը քննարկվեցին ԵԽ նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ միջև համագործակցությունը։
Ժան-Կլոդ Մինյոնը տեղեկացրեց Մոլդովա կատարած իր այցելության, ունեցած հանդիպումների, քննարկումների և դրանց արդյունքների մասին, անդրադարձավ Վրաստանում նախագահական ընտրությունների գործընթացին։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի վերաբերյալ, երկուստեք ողջունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2118 բանաձևի ընդունումը և այդ հենքի վրա հանգուցալուծմանն ուղղված ջանքերի շարունակումը։
ՀՀ ԱԳՆ