Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և Բրիտանական խորհուրդն իրենց գործընկերների հետ հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում կազմակերպում են Բրիտանիայի օրեր՝ “Britain is…” խորագրով:
Այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը ներկայացրեց Բրիտանիայի օրերի միջոցառումները:
“Britain is…” խորագրով Բրիտանիայի օրերի շարքում կանցկացվեն ժողովրդավարությանը, ֆիլմերին, թատրոնին, երաժշտությանը, գիտությանն ու նորարարությանը, գործարարությանը, սպորտին նվիրված միջոցառումներ:
Դեսպանի փախանցմամբ` այս շաբաթ Հայաստան կժամանի նախկին վարչապետ Թոնի Բլերի՝ մամուլի գծով խորհրդական Լենս Փրայսը, ով հանդիպումներ կունենա կուսակցությունների անդամների, թերթերի խմբագիրների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 3-ին Լենս Փրայսը հանրային դասախոսություն կկարդա Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Կարդացեք նաև
Այս շաբաթ Երևան կժամանի նաև վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Շոն ՄըքԱլիսթերը: Նա վարպետության դասեր կանցկացնի, կներկայացնի իր ֆիլմերը:
Բրիտանական խորհրդի հետ համատեղ բրիտանական «1927» կոչվող թատերական խումբը կմասնակցի «Հայֆեստ» փառատոնին:
«Ուրբաթ՝ ուսուցիչների օրը, ես կներկայացնեմ Բրիտանիայի քարտեզ, որը կհանձնենք տարբեր դպրոցների անգլերենի ուսուցիչներին»,- ասաց դեսպան Էյվսը:
Բրիտանիայից Երևան կժամանի նաև աստղաֆիզիկոսների 6 հոգուց խումբ, որը կմասնակցի աստղաֆիզիկոսների միջազգային համաժողովին:
Իսկ բրիտանական «Ֆրեշ ֆիլդ» կազմակերպությունն այստեղ համաժողով կանցկացնի այն մասին, թե ինչպես ներդրումներ անել Բրիտանիայում: Նմանատիպ սեմինար կկազմակերպի նաև HSBC բանկը:
Հոկտեմբերի 19-ին Բրիտանիայի դեսպանատունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կկազմակերպի ֆուտբոլային խաղ, որի մասնակիցները կլինեն «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները:
Բրիտանիայի օրերի շրջանակներում «Գաֆեսճյան» կենտրոնի հետ համատեղ կկազմակերպվեն բացօթյա շրջիկ համերգներ:
Միջոցառումները կավարտվեն հոկտեմբերի 27-ին համերգով:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ