«Մեկ քայլ», «Իմ մեջ», «Այսօր», «Անտուն մտավորական». այսպես էին վերնագրված Վահե Թևոսյանի նկարներից մի քանիսը, որոնք այսօր ցուցադրվեցին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյանների ցուցասրահում։ «Բու» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը ներկա էին ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Նինա Կնդիաշվիլին, բազմաթիվ դասախոսներ, նկարչի ծնողները, ընկերները և նկարչի գործունեությամբ հետաքրքրվողները։
Վահե Թևոսյանը 24 տարեկան է, սովորում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի երրորդ կուրսում։ Սա նրա թվով չորրորդ ցուցահանդեսն է։
Նրա խոսքով՝ ցուցահանդեսը նախորդ երեքից տարբերվում է թեմատիկ առումով։ Իսկ այս աշխատանքներում ներկայացրել է այն ամենաճղճիմ պատկերները, որոնք էլ, ըստ նրա, ապրելու իրավունք ունեն։ «Գունային ու ստվերային մութ նկարներիս նայելով՝ մարդիկ սովորաբար ասում են՝ ինչու՞ են նկարներդ այդքան մուգ։ Սա ընդամենը իմ հոգեվիճակն է», — ասաց Վահեն։
Նա նաև նշեց, որ նախատեսում է Լոնդոնի ցուցասրահներից մեկում ցուցահանդես ունենալ, ինչպես նաև համագործակցում է «Արտ Միլանոյի» հետ։ «Վերջերս երկու աշխատանք գնեցին ինձնից, ու ցանկություն հայտնեցին, որպեսզի ցուցահանդեսով ներկայանամ այնտեղ», — հավելեց Վահեն։ Չմոռացավ նաև հստակեցնել, որ չունի ղեկավար. «Չունեմ ղեկավար։ Ինչպես Մարտիրոս Սարյանն է ասում՝ Իմ ղեկավարը բնությունն է»։
Կարդացեք նաև
Ցուցահանդեսին ներկա էին ինչպես Վահեի աշխատանքների սիրահարները, այնպես էլ ընկերներն ու հարազատները։ «Վահեն ընդամենը երրորդ կուրսում է սովորում, բայց արդեն իսկ շատ տաղանդավոր է և փնտրող, որը շատ կարևոր է։ Նա երբեք չի կրկնվում ու ինչ էլ որ նա այստեղ ցուցադրել է, շատ անկեղծ է, — ասաց Վահեի ընկերներից Վարդուհի Մխիթարյանը, — Գույնով Վահեն կարողանում է փոխանցել էմոցիան, կարողանում է փոխանցել կերպարը. և կարևորն այն է, որ նա չի մանրացել և մեծ կտորով ուղղակի ցույց է տվել»։
«Առավոտ Երիտասարդականը» խոսեց նաև Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Նինա Կնդիաշվիլիի հետ։ Այն հարցին, թե ի՞նչ տպավորություններ ունի ցուցահանդեսից, նա պատասխանեց. «Ընդհանուր առմամբ տպավորություններս բազմաթիվ են ու բացառապես դրական։ Նախ մի քանի խոսք քաղաքի մասին. երեկ, երբ եկա Երևան, և երեկոյան դուրս եկանք քաղաքով շրջելու, նկատեցի, որ Երևանը իրոք շատ գեղեցիկ և հարմարավետ է, և ինձ հաճելի էր քաղաքով շրջելը։ Իսկ ինչ վերաբերում է այսօրվա ցուցահանդեսին, պետք է ասեմ, որ ինձ շատ ուրախացնում է այն փաստը, որ Հայաստանում կան այսքան տաղանդավոր նկարիչներ, և դա ազգի և պետության համար շատ մեծ հարստություն է։ Ըստ Նինա Կնդիաշվիլիի՝ նմանատիպ ցուցահանդեսները երիտասարդ նկարիչների լավ ապագայի համար շատ մեծ քայլեր են, և որքան շատ լինեն, այնքան լավ։
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 4-ը։
Դաթո Աբուլաձե