Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Բագրատյանը նախընտրեց անկախության տոնը նշել Սերժ Սարգսյանի հետ

Սեպտեմբեր 30,2013 19:13

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն օրերս հրավիրած ասուլիսում խոսելով Մաքսային միության մասին՝ քննադատեց այն բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին, որոնք հստակ ու կոնկրետ չեն ասում, թե որն է ճիշտը՝ Մաքսային միությո՞ւնը, թե՞ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելը: Նա վստահեցրեց, որ ինքն ասելու է ամեն ինչ, մյուս քաղաքական գործիչների նման բլեֆ չի անելու, որոնք չեն ուզում իրենց հարաբերությունները փչացնել ոչ ՌԴ-ի, ոչ Եվրոպայի հետ:  

Քանի որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես անդրադառնալով այս թեմային կոնկրետ չնշեց մեկը կամ մյուսը՝ Aravot.am-ը ՀԱԿ կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանին հարցրեց՝ ընդունո՞ւմ են այդ քննադատությունը: Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Կա ճշմարտություն իր խոսքի մեջ պաշտոնյաների մասով, չեմ վիճում: Բայց մենք մեր հարաբերությունները ռուսների հետ փչացնելու խնդիր չունենք, պաշտոնյա չունենք: Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից այդ որոշմանը շատ խիստ գնահատական տրվեց: Ավելի խիստ եւ ավելի հստակ ոչ ոք չի արտահայտվել: Դրա մասին խոսում է այն հետաքրքրությունը, որ կար համացանցում իր ելույթի վերաբերյալ: Առհասարակ, երբ որ ես լսեցի պարոն Բագրատյանի մեկնաբանությունները, այդ խնդրի վերաբերյալ շատ հարցերում, կարծես թե,  համընկնում էին մոտեցումները՝ Տեր-Պետրոսյանի ասածների հետ»:

Վլադիմիր Կարապետյանին մեկ այլ հարց էր հետաքրքրում. «Հրանտ Բագրատյանը սեպտեմբերի 21-ին մասնակցել էր Սերժ Սարգսյանի հրավիրած միջոցառմանը: Այ, ես շատ կուզենայի Հրանտ Բագրատյանի կարծիքը լսել, թե  ինչու ժողովուրդն այլ կերպ է նշում, իսկ ինքը նախընտրեց գնալ այդ միջոցառմանը: Ինձ հետաքրքիր կլինի լսել իր մեկնաբանությունը»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, դա քննադատելի՞ եք համարում՝ նա պատասխանեց. «Ոչ: Ցանկացած պարագայում դա ինձ համար նորություն էր, զարմանալի էր: Ես կուզեի մի տեղ ծանոթանալ իր մոտեցմանը, թե ինչու ինքը նախընտրեց գնալ Հանրապետականների հետ նշելու մեր անկախության տոնը, ոչ թե այդ տոնն այս ժողովրդին բերող քաղաքական ուժերի ու քաղաքական գործիչների հետ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Maxim says:

    Շատ հետաքրքիր կլինի իմանալ Հրանտ Բագրատյանի կարծիքը՝ Եվրոբոնդից Հայաստանի մոտ
    1 միլիարդ վերցրած վարկը 7 տարի ժամկետով, 6 % տարեկան տոկոսադրույքով, որի հաշվին էլ
    հավանաբար,՝ ինչպես հաղորդվեց հունվարի 1 -ից ավելացվելու է 15%-ով կենսաթոշակները, իսկ
    հուլիսի 1-ից 40%-ով պետ. աշխատողների աշխատավարձները: Այստեղ՝ կեղծ Նժդեհականների ո՞ր
    տարբերակն է գործելու, իրենց բնորոշ՝ քցելու՞, թե՞ ժողովրդական լեզվով ասած՝ յա էշը կսատկի, այ
    էլ էշատերը, որի հիմքում ընկած է նորից՝ քցելու տարբերակը, քանի որ նման տնտեսությունով
    բացառվում է, որ այդ վարկի միայն տոկոսները կարողանան ետ վերադարձնել, էլ չեմ ասում այն մասին, որ գոնե կեսը պետք է թալանվի: Իսկ պետական պարտքը իրենց տվյալներով արդեն կազմեց՝
    4,5 միլիարդ, սա այն դեպքում, երբ չկա պատերազմ, տարրերային աղետ և այլն: Իսկ եթե այս նոր
    հայտնված՝ Բոնդերը Ջեյմս Բոնդի հետնորդները լինեն, և չմուծվածի դինաց ինչ աչքներին ընկնի սեփականացնեն, երևի դրա համար էլ կազմակերպված է արտագախթը:
    Եվ այս ամենը խոսվում է մի երկրի մասին, որը կոչվում է Հայաստան, որով գիշեր ու զոր պարծենում ենք, կենացներ խմում նստած տեղից, և իհարկե՝ուզունդարա պարում:

  2. Վլադիմիր says:

    Սիրելի Հռիփսիմե,

    Ձեր հարցին, արդյոք քննադատելի է…, ես դրական պատասխան չեմ տալիս, չեմ ասում՝ այո: Հոդվածի վերնագիրը ոչ միայն չի համապատասխանոմ իմ ասածին, այլև վերագրվում է ողջ կուսակցությանը: Այդպես ենք աշխատելու?

  3. Հրանտ Բագրատյան says:

    Այ քեզ բան։ Ե՞րբ հրավիրեցիք որ չեկանք։ Վլադիմիր Կարապետյանն ու՞ր էր, որ մենք նախագահ Տեր-Պետրոսյանի հետ անկախության հանրաքվե ենք անցկացրել։ Դուք տակտ անգամ չունեք, որ հրավիրեք, գրեք որտեղ, երբ, ի՞նչպես։ Օկուպանտի պես եք ձեզ պահում։ Եթե անկախության տոնն եք հիշում, ապա դրա հայրերին էլ հիշեք։ Բոլոր պատգամավորներին հրավիրել են ես էլ գնացել եմ։ Մարդիկ ավելի շնորհքով են դուրս եկել։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Թեեւ ես շատ ավելի համեստ դեր ունեմ Հայաստանի անկախության հարցում, ինձ էլ միշտ հրավիրել պաշտոնական ընդունելության: Երբեմն գնացել եմ, երբեմն՝ ոչ: Իսկ Տեր-Պետրոսյանի մոտ 2008-ից չեն հրավիրում, ինչը բնական եմ համարում. նա կուսակցության առաջնորդ է եւ անկախության տոնը նշում է իր կուսակցականների հետ: Երբ հանդես կգա որպես Առաջին Նախագահ (որն, անշուշտ, պատմության մեջ կհիշվի իր դրական գործերով), այդժամ գուցեեւ հրավիրի:

  4. Հրանտ Բագրատյան says:

    Միշտ հրավիրատոմս էին ուղարկում։ Պիտի հրավիրատոմս ուղարկեն կամ էլ ասեն, թե միջոցառում կա, թե ոչ։ 2012-ին օրինակ զանգեցին ու ասեցին, որ հավաքվում ենք Սարյանի արձանի մոտ։ Մնացած տարիներին հավաքվել ենք ՀՀՇ-ում ու պարտադիր կարգով հրավիրատոմսով է եղել։ ես էլ միշտ գնացել եմ այդ հավաքին։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30