Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան․ «Այն, ինչ անում է ԵԽ անդամ Ադրբեջանը, ուղղակիորեն անթույլատրելի է»

Սեպտեմբեր 30,2013 19:08

Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ելույթը

Հարգելի գործընկերներ,

Այս տարվա օգոստոսի 8-ից մինչ օրս Ադրբեջանում գերեվարված է հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, ով մոլորվելով տեղանքում՝ հայտնվել է ադրբեջանական գերության մեջ։ Ոմանք կարծում էին, թե ԵԽ անդամ երկիր Ադրբեջանը գոնե կհարգի իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ մարդասիրական։ Սակայն Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնեւյան կոնվենցիան՝ հայ զինվորին ադրբեջանական համազգեստ հագցնելով, ադրբեջանական հեռուստատեսությամբ կազմակերպում են «հարցազրույց» շոուներ, որի ժամանակ հստակ երեւում են հայ զինվորի նկատմամբ կիրառված հոգեբանական եւ ֆիզիկական բռնության հետքերը։

Ադրբեջանը, ըստ էության արհամարհելով Կարմիր Խաչի ջանքերը, սահմանափակում է Հակոբի կապն իր ընտանիքի հետ։ Հայ զինվորի ընտանիքը չի կարողանում հստակ տեղեկություն ստանալ իր որդու մասին։ Ավելին, հայ զինվորին զրկում են հայրենիք վերադառնալու իրավունքից եւ անհեթեթ տեղեկություններ են տարածում երրորդ երկիր Հակոբի մեկնելու ցանկության մասին։ Միանշանակ է, որ այդ, այսպես կոչված, «ցանկությունը», Հակոբին պարտադրվել է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության արդյունքում։

Այն, ինչ անում է Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը, ուղղակիորեն անթույլատրելի է։ Եւ եթե Եվրոպայի Խորհուրդը շարունակի լռել, ապա այդ լռության հետեւանքները կարող են կործանարար լինել։ Հիշենք հայ հովիվ Մանվել Սարիբեկյանին, ով գերի ընկներով՝ անմարդկային կտտանքների ենթարկվեց ադրբեջանցիների կողմից, որից հետո հայ երիտասարդի՝ գազանաբար տանջամահ արված մարմինը հանձնեցին նրա ծնողներին։ Մեկ անգամ եւս ուզում եմ կրկնել՝ Հակոբը հայրենիքում որեւէ պատասխանատվության չի ենթարկվելու եւ դա միանշանակ է։ Թույլ չտանք, որ ԵԽ անդամ մի երկրի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումը հերթական անգամ բերի անդառնալի ողբերգության։ Հակոբին սպասում են հայրենիքում եւ նա պետք է վերադառնա տուն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30