Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոմեշի գործը»՝ Ազգային ժողովում

Սեպտեմբեր 30,2013 18:31

ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանին ուղղված հարցը սկսեց բավականին կտրուկ. «Պարո’ն Կոստանյան, Դուք գործող նախագահի կողմից ներկայացված եք Ազգային Ժողովի պատգամավորների դատին, վստահ եմ, որ կոալիցիայի օգնությամբ Դուք կնշանակվեք գլխավոր դատախազ, սակայն դա չի նշանակում, որ Ձեր նշանակմանը կողմ են բոլորը: Գնահատելով զինդատախազի պաշտոնում ձեր աշխատանքի տարիները՝ պետք է նշեմ, որ հասարակությունը կարծում է, որ շատ գործեր ձեր կողմից անաչառ քննության չեն ենթարկվել»: Եվ որպես ցցուն օրինակ տիկին Սարգսյանը անդրադարձավ տարեսկզբին մեծ աղմուկ հանած «Գոմեշի մսի գործին», մասնավորապես, գեներալ Արշալույս Փայտյանի առնչությանն այս գործին: Վերջնական հարցը տիկին Սարգսյանը ձեւակերպեց այսպես՝ «Ինչպե՞ս կբացատրեք հանդուրժողական վերաբերմունքը Արշալույս Փայտյանի վերաբերյալ»:

Գեւորգ Կոստանյանը նախ դեմ եղավ տիկին Սարգսյանի՝ հասարակության անունից խոսելուն: «Ասեք՝ այսինչ անձանց կարծիք, ամեն մեկը չի կարող հասարակության անունից գնահատական տալ ինչ-որ քրեական գործերի, որոնցից տեղյակ չեք», ապա, անդրադառնալով կոնկրետ դեպքին, ասաց, որ «գոմեշի մսի գործը» սովորական դասական խարդախություն է, հարցը ոչ թե գոմեշի մսի մատակարարումն է, այլ՝ տավարի մսի գնով գոմեշի մսի մատակարարումը. «Խնդիրը արժեքների տարբերությունն է: Կարող էր լինել նաեւ տավարի միս՝ գրվեր մի գին, մատակարարվեր այլ գնով: Հանցավոր բնույթ ունի ոչ թե կոնկրետ գոմեշի մսի մատակարարումը, այլ դրա գինը: Նման հանցագործությունները բավականին բարդ են ապացուցողական տեսակետից: Այդ գործը մարտին հարուցվեց եւ միայն հունիսին մենք ունեցանք բավարար ապացուցողական բազա՝ Օհանջանյանի դեմ գործ հարուցելու համար, ապա եւս երեք- չորս ՊՆ պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց»:

Նա նաեւ բացատրեց այն հանգամանքները, որոնց հիման վրա Օհանջանյանի՝ գլխավոր մեղադրյալի, նկատմամբ խափանման միջոցը փոխվեց՝ առաջինը, որ մեղադրյալի կողմից ամբողջությամբ վերականգնվեց հասցված վնասը՝ «Օհանջանյանը ՊՆ-ին տվել է պահեստներ», եւ երկրորդը՝ Օհանջանյանի առողջական վիճակը՝ «կալանքի եղած ժամանակ նա երկու թե երեք անգամ սրտի կաթված է տարել», իսկ դատապարտյալների հիվանդանոցը չուներ բավարար պայմաններ՝ նրա բուժման համար: Այդուհանդերձ, պարոն Կոստանյանը վստահեցրեց, որ «քրական գործի հանգուցալուծման մասին դեռ վաղ է խոսել, դա շատ բարդ գործերից է, բայց խարդախություն կատարողները բոլորը կենթարկվեն քրեական պատասխանատվության, վստահ եղեք»: Տիկին Սարգսյանը պնդեց իր հարցը, նկատելով, որ «Արշալույս Փայտյանի մասին ոչ մի խոսք չեղավ», պարոն Կոստանյանը պատասխանեց, որ «որեւէ մեկի հանդեպ քրեական գործ սկսելու եւ որեւէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար պիտի լինեն բավարար ապացույցներ, քրեական այդ գործը դեռ ընթացքի մեջ է, գուցե երեք ամսից ունենանք բավարար ապացույցներ, գործը կուղարկվի դատախազություն»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30