Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է տեղի ունեցել հունիսի 1-ին, ժամը 23:04:08-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ

Սեպտեմբեր 30,2013 18:04

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի նշանակման հարցը:

Պարոն Կոստանյանին տրվող հարցերը բազմազան էին: Օրինակ, ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը ցանկանում էր, որ պարոն Կոստանյանը 5 կամ 10  բալանոց համակարգով գնահատի իրավապահ մարմինների գործունեությունը: Պարոն Կոստանյանը չկատարեց նրա խնդրանքը. «Ես չգիտեմ, թե ինչ սկզբունքներով կարելի է տալ նման գնահատական»:

Մ. Մելքումյանը նաեւ ուզում էր լսել գլխավոր դատախազի տեսակետը «իրավիճակի փոփոխության հետեւանքով» քրգործերի կարճման կամ հարուցման վերաբերյալ: Գեւորգ Կոստանյանը արձագանքեց այսպես. «Իրավիճակի թելադրանքով արդարադատությանը անընդունելի եմ համարում՝ ինչպես եւ ցանկացած ձեւով արտահայտված շեղումը օրինականության սկզբունքներից»:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված աղմկահարույց դեպքին: «Ես նայել եմ տեսագրությունը եւ կա մի փաստ. ժամը 23:08:04-ին , մենք ունենք հետեւյալ տեսարան. Ավետիք Բուդաղյանը գնում է մարդկանց խմբի հետեւից, որոնց թվում են Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը, հետո հնչում է «Ավետ», Ավետիք Բուդաղյանը հետ է դառնում եւ դրանից հետո ստանում է թիվ մեկ վնասվածքը, խնդիրն այն է, որ թիվ մեկ վնասվածքը ունի վերեւից ներքեւ ուղղություն, իսկ Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդը գտնվել են Ավետիք Բուդաղյանի հետ նույն հարթության վրա»,- նկարագրեց պարոն Փաշինյանը եւ ցանկացավ իմանալ, թե ո՞վ էր «Ավետ» կանչողը եւ ինչպես է այդ մահացու վնասվածքը կրում վերեւից ներքեւ ուղղությունը;

Գեւորգ Կոստանյանը հերթական անգամ ասաց, որ իրենց քննչական խումբը «ամբողջությամբ ձեռք բերված ապացույցներով կարողացել է հերքել պաշտպանական կողմից ցանկացած եւ յուրաքանչյուր փաստարկ: Թե ես, թե ՊՆ քննչականի պետը դետալային անդրադարձել ենք գործի բոլոր հանգամանքներին, առնվազն՝ վիճելիներին եւ վիճարկելիներին»:

Ապա, պարոն Կոստանյանը ներկայացրեց Ավետիք Բուդաղյանի սպանությունը ֆիքսած տեսանյութը՝ իր տեսակետից: Ըստ նրա՝ 23.08.04-ին, երբ Ավետիք Բուդաղյանը հետեւելով փոքր խմբին, որոնց մեջ էին Տիգրանը եւ Զարզանդը, շարժվում է մի ուղղությամբ, ապա ժամանում է Արտակ Բուդաղյանը, որը զենքը ձեռքից դուրս է գալիս մեքենայից եւ Ավետիքը ու մնացածները ուղղվում են դեպի Արտակը: Ըստ Կոստանյանի՝ այդ պահից սկսած բոլորն իրենց գործողությունները համապատասխանեցնում են զենքով եկած Արտակ Բուդաղյանի գործողություններին, օրինակ, Տիգրանը եւ Զարզանդը վազում են իրենց զենքերի հետեւից եւ վերադառնում զենքերով:

Պարոն Կոստանյանը նաեւ չհամաձայնեց, թե որ վնասվածքն է եղել մահացու, եւ պնդեց, որ տեսագրության եւ ձայնագրության մեջ, համադրելով պատկերը ձայնի հետ, քանի որ հստակ լսվում եւ երեւում են բոլոր կրակոցները, բացի դա, կան բոլոր՝ գնդակ-պարկուճ-զենք համադրությունը, եւ ունենք համապատասխանաբար, թե որ կրակոցը որ զենքից է եղել:

Գլխավոր դատախազի թեկնածուն, եզրափակելով խոսքը, ասաց.«Անկախ նրանից, թե ինչպես ենք ընկալում տվյալ անձին կամ երեւույթը, դա չպիտի ազդի նախաքննության եւ քրեական գործի վրա: Անընդունելի կլիներ յուրաքանչյուրիս համար՝ կայացնել որոշում հասարակական համակրանքը կամ հակակրանքը հաշվի առնելով»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30