Լրահոս
Օրվա լրահոսը

Ստրասբուրգում սպառնում են անժամկետ հացադուլ անել, եթե Սերժ Սարգսյանն իրենց հետ չհանդիպի

Սեպտեմբեր 30,2013 16:59

Այս պահին Ստրասբուրգում ԵԽ շենքի դիմաց մի խումբ հայեր բողոքի ակցիա են անցկացնում` «Մենք դեմ ենք Հայաստանի չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությանը» կարգախոսով: Հիշեցնենք, որ այսօր հայկական պատվիրակությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այս պահին Ստրասբուրգում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած պատվիրակությունն է, իսկ առաջիկա ժամերին սպասվում է նախարարի ելույթը:

«Պահանջում ենք, որ Սերժ Սարգսյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հերթական անգամ չստեն ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներին, թե իբր իրենք դեմ են արտագաղթին, ստեղծում են պայմաններ Հայաստանում մնալու համար: Խաբում են ամբողջ աշխարհին, բայց իրականում Հայաստանից օրեցօր ավելի շատ են արտագաղթում: Ներքին քաղաքականությանը դեմ եմ նրա համար, որ այսօր հայտնվել եմ իմ հայրենիքից շատ հեռու: Կյանքիս միակ նպատակը չի եղել հայտնվել հայրենիքից հեռու ու ապրել փողոցում` որպես փողոցային: Մենք դեմ ենք նաեւ նախագահի աթոռը գողացած անձնավորության որոշմանը` Մաքսային միությանը միանալու վերաբերյալ: Մենք դատապարտում ենք Մաքսային, նոր սովետական միություն ստեղծելուն, հերիք է ստրուկ մնանք ռուսներին: Ինքը ընդհանրապես իրավունք չունի ժողովրդի անունից ելույթ ունենա ու խոսի, որովհետեւ այդ աթոռը ինքը գողացել է: Ես նրա առաջին ընտրություններին մասնակցել եմ եւ անձամբ տեսել` ինչպես են ընտրությունները կեղծվում: Սերժ Սարգսյանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը տանում է միայն Սաշիկի գրպանը մեծացնելուն»,- Aravot.am-ին ասաց ակցիայի կազմակերպիչ , 2008 թվականի «Մարտի 1-ի» դեպքերի մասնակից, քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը:

Նրա խոսքերով, ակցիային զուգահեռ այս պահին նաեւ ստորագրահավաք են անցկացնում. Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից բոլոր դժգոհողները միանում են իրենց ստորագրություններով:

Նա նաեւ դժգոհեց, որ հայկական պատվիրակությունից ակցիայի մասնակիցներին մոտեցել է միայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը. «Եթե մի քանի ժամից մեզ չմոտենան պատվիրակության բոլոր անդամները , ես անժամկետ հացադուլ եմ հայտարարելու: Պահանջում ենք մոտենալ ու լսել մեր կարծիքը, եթե մտահոգ են Հայաստանի արտագաղթով, թող գան լսեն` մարդիկ ինչի համար են փախել: Անժամկետ հացադուլիս պահանջը անձամբ Սերժ Սարգսյանը եւ իր մանկլավիկները գան ու լսեն իմ կարծիքը: Ես ասելու բան ունեմ Սերժ Սարգսյանին»:

«Մարտի 1-ի» դեպքերին մասնակցելու համար Գեւորգ Մանուկյանին` որպես զանգվածային անկարգություններին մասնակից, 4 տարի ազատազրկման են դատապարտել եւ ինչպես ինքն է պատմում, բանտախցում էլ այնքան են ծեծել, որ կորցրել է մի աչքի տեսողությունը. «Ես Սերժ Սարգսյանին ասելու բան ունեմ, ինքը ասաց ոստիկանների ձեռքով, բռունցքներով, բանտախցում դիմակավորված լեզվով ասաց, ես ասում եմ եվրոպական լեզվով: Արի ու տես: Մի աչքս ընդհանրապես չի տեսնում, այստեղ երկու անգամ վիրահատություն եմ արել, բայց բժիշկներն ասում են` ցավում ենք, ուշացել ես: Ես տեսել եմ` ինչպես են ժողովրդին ծեծել, իմ աչքերի առջեւ են մահացել «Մարտի 1-ի» 10 զոհերը»:

Գեւորգն այս պահին ակցիայի է մասնակցում Սերժ Սարգսյանի դիմանկարը պատկերող վերնաշապիկով, վրան գրված` «Կրիմինալ, Սերժ Սարգսյան»: Ակցիայի մյուս մասնակիցները` «Սերժիկ հեռացիր» ցուցապաստառներով են:

Գեւորգ Մանուկյանն ասաց, որ այս պահին իրենց մոտենում են ԵԽ տարբեր աշխատակիցներ եւ հետաքրքրվում իրենց պահանջներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նույնը պետք է կազմակերպել նոյեմբերի 29-ին՝ Վիլնյուսում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30