Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանը համաձայն չէ, որ Հայաստանում համատարած անպատժելիության մթնոլորտ է

Սեպտեմբեր 30,2013 16:26

Քիչ առաջ Ազգային ժողովը սկսեց քննարկել ՀՀ նախագահի առաջարկը`Գեւորգ Կոստանյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու մասին:

Իր ելույթում Գևորգ Կոստանյանը նշեց, որ մեր պետության առջև այսօր ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս, որ հասարակությունն ապրի ապահով: Սակայն, ըստ նրա, ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու ճանապարհին, մեր առջև չկա ոչ մի օբյեկտիվ խոչընդոտ, բոլոր խոչընդոտները սուբյեկտիվ են. « Նշանակություն չունեն ոչ փակ սահմանները, ոչ աշխարհաքաղաքական իրադարձությունները: Մենք պետք է մեզնից պահանջենք»: Նա նշեց, որ Եվրադատարանի կողմից ՀՀ-ի դեմ կայացված վճիռներից 41-ով արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում: Կոստանյանը սա մտահոգիչ ցուցանիշ է համարում`հաշվի առնելով, որ դա կարող էր չլիներ, եթե արդարադատություն իրականացնող համակարգը գործեր օրենքի պահանջներով: «Խստագույնս պահպանելով օրինականության սկզբունքը՝ կարելի է կարճ ժամանակում հասնել այնպիսի արդյունքի, որը կարտացոլվի ոչ միայն վիճակագրության մեջ, այլ տեսանելի կլինի հասարակության համար, կփոխի արդարադատության նկատմամբ հասարակության ընկալումը»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Կոստանյանն ասաց, որ իր զինդատախազ աշխատած տարիներին բանակում նվազել են հանցագործություններն ու մահվան ելքով դեպքերը, բերեց թվային օրինակներ, ասաց, որ փաստ է, այսօր բանակում կա հանցավորության կայուն վիճակ: Նրա խոսքով՝ սա համակարգային բնույթի հետևողական աշխատանքի արդյունք է, որն իրականացրել են պաշտպանության նախարարությունն ու զինվորական դատախազությունը:

Գևորգ Կոստանյանը նշեց, որ անհրաժեշտ է պատժի նկատմամբ որդեգրել 21-րդ դարին հարիր մեթոդներ, պետք է խորացնել աշխատանքները մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ: Այս գործընթացում, նրա խոսքով, մեծ դերակատարություն ունի արդարադատության համակարգը, առաջին հերթին դատական համակարգը:

Գևորգ Կոստանյանը նշեց, որ դատախազ աշխատելու ընթացքում առաջնորդվելու է հետևյալ սկզբունքներով: Առաջինը, Հայաստանում և հատկապես դատախազության համակարգում կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է մղվելու: Նրա խոսքով՝ ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է, քանի որ նրա ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով կարող են ընդմիշտ խեղվել մարդկային ճակատագրեր:

Կոստանյանը հիշեցրեց նաեւ, որ օրենքով դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ և կուսակցական գործունեությամբ զբաղվել: Նա նշեց, որ քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն ցանկացած դատախազի ընձեռվելու է, սակայն այն պայմանով, որ նա առաջին հերթին վայր կդնի դատախազի լիազորությունները:

Կոստանյանը չի կիսում ընդունված այն տեսակետը, որ Հայաստանում անպատժելիության մթնոլորտ է: «Համաձայն չեմ, որ համատարած անպատժելիության մթնոլորտ է, սակայն համարում եմ, որ մեկ դեպքը բավական է, որ մարդկանց վստահությունը կորի: Իմ խնդիրներից մեկը օրենքի առջև բոլորի հավասարության ապահովումն է և այն, որ ցանկացած հանցագործ ստանա արժանի պատիժ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30