Ինչպես հայտնի է, ձևավորվել է 40-ից ավելի հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնող խումբ, որոնք «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թ. 57 Օրենքը չեղյալ հայտարարելու առաջարկով դիմում էին նախապատրաստել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հ.Աբրահամյանին և ԱԺ խումբ-խմբակցությունների ղեկավարներին:
Այսօր, սեպտեմբերի 30-ին ԱԺ նախագահը ընդունեց նախաձեռնության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Ա.Սարգսյանը, «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնության համակարգող Ա.Բոշյանը, «Հայասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող Կ.Տոնոյանը, գրող-հրապարակախոս Լ.Ավետիսյանը:
Կայացավ շահագրգիռ զրույց, որին մասնակցեցին նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովների նախագահները: Որոշվեց շարունակել քննարկումները կառավարության ներկայացուցիչների հետ և լսումներ կազմակերպել ԱԺ-ում` վիճահարույց «գենդեր» «գենդերային հարաբերություններ» հասկացությունները օրենքից հանելու համար:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահը ԱԺ նախագահին հանձնեց նաև փախստականներին բնակարաններով ապահովելու վերաբերյալ կուսակցությանն ուղղված դիմումները, որոնցում մասնավորապես պահանջ է դրված 2014 թվականից սկսած պետական բյուջեում նախատեսել առնվազն 4 մլրդ. դրամ` փախստականների համար բնակելի շենքեր կառուցելու նպատակով:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության
մամուլի ծառայություն
ք.Երևան, 30.09.2013թ.