Aravot.am-ի հարցին, թե նախօրեին ջերմոցային տնտեսությամբ զբաղվողները մտահոգություն հայտնեցին, որ ներկրվող լոլիկի հետ կրկին կարող է ցեց թափանցել մեր երկիր, ինչն այս անգամ էլ վտանգի տակ կդնի ջերմոցների բերքը, ո՞վ է վերահսկում, որպեսզի արտերկրի լոլիկներն իրենց հետ միջատներ չբերեն մեր երկիր, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն ասաց` սննդամթերքի անվտանգության ծառայությունը: Պարոն Գալստյանի խոսքերով, ցեցն այսօրվա խնդիր չէ եւ որ չբացահայտված վիճակագրություն ունեցել ենք նաեւ խորհրդային տարիներին: Փոխնախարարի պարզաբանումներն առավել մանրամասն` տեսանյութում
Ազգային ագրարային համալսարանի պրոֆեսոր Արմենակ Տեր-Գրիգորյանն էլ, հարցին, թե գուցե թունաքիմիկատնե՞րն են անորակ, որ գյուղացիների մշակաբույսերը ցեց են ընկնում, ասաց, որ պատահում է` ֆերմերները չեն կարողանում դրանք ճիշտ օգտագործել: Մանրամասները` տեսանյութում
Պարոն Գալստյանն այսօր նախարարության մամուլի սրահում ներկայացրեց այս տարվա բերքահավաքի արդյունքները` սեպտեմբերի 30-ի դրությամբ: Չնայած գարնանը տեղացած ուժեղ կարկուտի հասցրած վնասներին, ինչի հետեւանքով Արմավիրի, Արագածոտնի եւ Արարատի մի շարք համայնքներում վնասվել էին ծիրանի, խաղողի եւ այլ կուլտուրաների այգիները, այս տարի ծիրանի բերքը 12 հազար տոննայով գերազանցել է նախորդ տարվա բերքի ծավալները` կազմելով 340 հազար տոննա: Ծիրանն արտահանում ենք ԱՊՀ եւ եվրոպական շուկաներ:
Հացահատիկի ծավալները 81 հազար տոննայով են ավելացել: Եկող տարի նախարարությունն ակնկալում է, որ ցորենի ցանքերը կհասցվեն շուրջ 105 հազար հեկտարի` մոտ 5 հազար հեկտարով ավելի:
Կարդացեք նաև
Փոխնախարարի տվյալներով, այս տարի խաղողի մթերման մեկնարկային գինը 145 դրամն է:
Լրագրողները պարոն Գալստյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է կարտոֆիլը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ թանկ վաճառվում:
Սամվել Գալստյանը վստահեցնելով, որ կարտոֆիլից մեր երկիրն ինքնաբավ է, այսինքն` կարտոֆիլի պակասություն չունենք, ասաց, որ արդեն էժանանում է, քանի որ սկսվել է կարտոֆիլի զանգվածային բերքահավաքը, իսկ թանկացումն, ըստ նրա, պայմանավորված էր վաղահաս կարտոֆիլի շուտ սպառվելով:
Այս տարի խաղողի արտադրության ծավալները նույնպես կավելանան, ինչի հետեւանքով, ըստ փոխնախարարի, կլրացվի Արմավիրի մարզում կարկտահարության պատճառով առաջացած խաղողի դեֆիցիտը:
Պարոն Գալստյանը նաեւ պարզաբանեց, թե ինչու են պակասել լոլիկի ծավալները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ