Համաներման հայտարարումը կարևոր է երկրի համար՝ հատկապես այն դեպքում, երբ քրեակատարողական հիմնարկներում այլևս տեղ չկա։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը:
«Կան կալանավորներ, ովքեր բազմաթիվ խախտումներ են թույլ տվել և հանցագործություններ են կատարել, բայց Արդարադատության նախարարության ճիշտ աշխատանքի արդյունքում նրանց նկատմամբ կարող է համաներում կիրառվել, ինչի հետևանքով նրանք չեն մնա կալանավայրերում և հետո հանրության մեջ չեն տարածի բանտի ավանդույթները»,- ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղարը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ համաներման որոշումը կայացվել է որոշակի ճնշումների արդյունքում, Աղվան Վարդանյանը նշեց, որ Հայաստանում այսօր կա միայն մեկ բանտարկյալ, ով «քաղբանտարկյալի» հինգ չափանիշներից մեկին ինչ-որ չափով առնչվում է։ «Համաներումը լայն հասկացություն է և տարածվում է շատերի վրա։ Այս դեպքում ես ճնշումները բացառում եմ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ավելի ուշ, լրագրողների ճշտող հարցին, Վարդանյանն ասաց, որ «քաղբանտարկյալի» հինգ չափանիշներից մեկին ինչ-որ չափով համապատասխանում է Տիգրան Առաքելյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ