Media.am Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները կարողացան ոչնչացնել մեդիա դաշտը, որտեղ լրագրողներն այլեւս չեն կարողանում իրենց տեղը գտնել:
«Բավականին ժամանակ է մտմտում եմ «Հետք» թերթը փակելու մասին: Որովհետեւ մեդիա դաշտում, մենք կարծես թե արդեն տեղ եւ անելիք չունենք»,- հայտարարել է լրատվական դաշտում մեծ կշիռ ու հեղինակություն ունեցող «Հետք»-ի խմբագիրը: Այդ գրառումից հետո ցանցային մեդիան շտապեց հայտարարել, որ «Հետքը» փակվում է:
Իսկ Էդիկ Բաղդասարյանը շեշտեց, որ թեեւ ծայրաստիճան հուսահատ վիճակում է հայտնվել, քանի որ եւ՛ ողջ մեդիա դաշտը, եւ՛ լրագրողական մասնագիտությունը խեղաթյուրված է, սակայն նոր հետաքննություններ անելուց «Հետքը» դեռ չի հրաժարվում:
Ձեր գրառումը մեծ ալիք բարձրացրեց: Ի՞նչն է այս հոռետեսական գրառման դրդապատճառը:
Կարդացեք նաև
Մեդիա դաշտում գործելով՝ այլեւս չես հասկանում, թե ինչու է պետք թերթ տպագրել, լրատվամիջոց պահել: Անձամբ ինձ հուսահատությունը լրիվ խեղդում է: Մեդիա դաշտն ամբողջովին խեղաթյուրված է:
Պատճառը ճնշումնե՞րն են:
Ճնշումների պատճառով լրատվամիջոց չի փակվում, խնդիրն ավելի պարզ ու միաժամանակ խորքային է:
Տեսեք, թե ինչպես են պետական պաշտոնյաները, օլիգարխները կարգավորում իրենց հարաբերությունները խմբագիրների հետ, լրագրողները ում պատվերներն են կատարում, ում փողերով են մեկնում հանգստանալու եւ էլի նման բաներ:
Հայաստանում մեդիան ամենավերահսկվող դաշտն է դարձել: Նյութերի, թեմաների վերահսկումը, դրանց հրապարակումների կազմակերպումը հստակ է:
Խնդիրն այն է, որ ինֆորմացիայի ավանդական աղբյուրներն ալեւս չեն աշխատում: Ալեւս կարիք չկա լրագրողական հետաքննություն անցկացնելու (իսկ դա հաճախ ամիսներ է տեւում), սեփական աղբյուրները գտնելու այս կամ խնդիրը բազմակողմանի ներկայացնելու համար: Հիմա ինֆորմացիայի աղբյուրներն իրենց սեփական մեդիան ունեն ու միանգամից կարողանում են տարածել ինֆորմացիան՝ իրենց հարմար տեսակետից: Հիմա ամեն մի պաշտոնյա ու գերատեսչություն իր մեդիան ունի:
Ոստիկանությունն, օրինակ, մի քանի սեփական կայքեր ունի, որտեղ տեղեկությունն ավելի արագ է հրապարակվում, քան անգամ ոստիկանության պաշտոնական կայքում: Դա աննորմալ իրավիճակ է: Պաշտոնապես ինֆորմացիա չկա, բայց պաշտոնական աղբյուրից սնվող կայքերը գրում են այդ մասին:
Ընդ որում՝ դրանցից շատերը չունեն ոչ հասցե, ոչ լրագրողական աշխատակազմ:
Մեդիայի դերը անասելի նվազել է, փոխարենը մեծացել է տարատեսակ կայքերի դերակատարությունը:
Կայքերից շատերը մեդիա չե՞ն:
Ո՛չ, դրանք մեդիա չեն, քանի որ դրանց հիմնական նպատակը ոչ թե ինֆորմացիա հավաքագրելն է, այլ ինֆորմացիա ցրելը: Լրագրողները ամիսներով չարչարվում են, մի թեմա են ուսումնասիրում, աշխատում են աղբյուրների հետ, իսկ արդյունքում նրանց աշխատանքը կորչում է այս կայքերի հորձանուտում:
Միահամուռ ուժերով անթիվ կայքեր մեդիա դաշտ են նետում մի աննշան ու ցրող թեմա, ասենք՝ համբույր, կրծքեր, արյունոտ ինքնասպանություններ ու վթարներ, եւ դրանով իսկ ոչնչացնում են լրագրողի կողմից բարձրացրած թեմաների արժեքը:
Եվ պետք է ասեմ, որ դա բավական խելացի ու հետեւողական է արվում: Մեդիա դաշտի ոչնչացումը պլանավորված գործ է, որը ոչ թե երեկ, այլ շատ ավելի վաղ է սկիզբ առել:
Այս վերջին 4-5 տարում հասանք նրան, որ մեդիա դաշտը լրիվ դատարկվեց ու արժեզրկվեց: Եվ դրանից հետո մի բան է մնում միայն. դաշտից դուրս գալ, քանի որ այստեղ զզվելի բաներ են կատարվում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ Գորիսի մամուլի ակումբի