Սեպտեմբերի լույս 30-ի գիշերը Թբիլիսիում մահացել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի դասախոս, Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղի 26-ամյա բնակչուհի Անժելա Վանեսյանը: Նա գերազանցությամբ ավարտել էր ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը, ապա՝ նույն բուհի մագիստրատուրան, ֆրանսերեն լեզու էր դասավանդում ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում, մեծ հեռանկար ունեցող դասախոսներից էր: Ա. Վանեսյանն ամուսնացած չէր:
Նա դասախոսություններից ազատ ժամանակ զբոսաշրջային խմբերի համար թարգմանիչ էր աշխատում եւ նման մի խմբի հետ մեկնել էր Վրաստանի մայրաքաղաք: Իջեւանում խոսակցություններ կան, որ նա մահացել է սննդային թունավորումից՝ խաչապուրի ուտելուց հետո: Զանգահարեցինք Գետահովտի գյուղապետ Արթուր Ղազարյանին: Վերջինս ասաց, որ Անժելան Թբիլիսիում 2 դեղահաբ է խմել, որից հետո մահացել է: Նրա մարմինը դեռեւս Գետահովիտ չի տեղափոխվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ