Սուրիկ Խաչատրյանը զրպարտության համար դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին եւ նրանից պահանջել 1.5 մլն դրամ: Այսօր առաջին դատական նիստն էր:
Aravot.am-ը Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանից հետաքրքրվեց, թե որքա՞ն է գնահատում Սյունիքի նախկին մարզպետի շանսերը, որ կհաղթի այդ դատը: Փաստաբանը պատասխանեց. «Երկու փաստերի վերաբերյալ, որոնցում Սամվել Հարությունյանը մեղադրում է ծանր մարմնական վնասվածքի եւ սպանության մեջ, կան քրգործեր: Իրավապահ մարմինները ժամանակին քննել են: Մենք միջնորդությամբ դիմելու ենք դատարանին, որպեսզի նա պահանջի այդ քրգործերի որոշումները: Որոշումների հիման վրա մենք էլ, դատարանն էլ կեզրակացնի, թե ով է կատարել այդ հանցագործությունները, եւ Սուրիկ Խաչատրյանը մասնակցություն ունի՞, թե՞ չունի: Մենք գիտենք, որ չունի»:
Հարցին՝ ինչո՞ւ եք վստահ, որ չունի՝ նա պատասխանեց, որ քրգործերը այդ փաստերի կասեցվել են՝ կատարողների անհայտ լինելու պատճառով:
Հարցին՝ դա կասկածներ չի՞ առաջացնում, որ եթե անհայտ է, ապա շատ հնարավոր է, որ որոշակի լիազորություններ ունեցող մեկը մասնակցություն ունենա՝ Մարտին Զիլֆուղարյանը պատասխանեց. «Ցանկացած մեկը կարող է լինել, չեմ կարող ասել ով է: Վերջիվերջո մենք չենք կարող որեւէ մեկին մեղադրել: Գուցե իրավապահ մարմիններն արդեն պարզել են»:
Կարդացեք նաև
Մենք հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով, որ Սամվել Հարությունյանը, բացի Արեւիկ Միրզոյանի եւ Անուշավան Առուշանյանի վրա կրակելու մասին խոսելուց, մի շարք այլ հանցագործություններ էլ է վերագրել Սուրիկ Խաչատրյանին, կարո՞ղ ենք ասել, որ Սուրիկ Խաչատրյանն ընդունում է մնացած հանցագործությունները եւ միայն այդ երկու փաստն է վիճարկում՝ փաստաբանը պատասխանեց. «Ոչ: Նա ժամանակին չի դիմել, որովհետեւ դրա անհրաժեշտությունը չի եղել: Դեմոկրատիա է, ով ինչ ուզում, ասում էր, պարզապես դրանք հաշվի չի առել: Իսկ քանի որ հիմա նան մեղադրում են ծանր հանցագործությունների մեջ, ի վերջո Խաչատրյանը գտավ, որ այդ երկու փաստը պետք է ներկայացվի դատարան՝ հերքելու համար: Իսկ մյուսները ավելի մեղմ են, թեթեւ արարքներ են»:
Մենք ճշտեցինք, այսինքն դուք պետությունից 200 մլն դոլար հափշտակելը մե՞ղմ հանցագործություն եք համարում, որովհետեւ նման մեղադրանք նույնպես Սամվել Հարությունյանը հնչեցրել էր՝ Սուրիկ Խաչատրյանի հասցեին՝ փաստաբանը պատասխանեց. «Դե նա ինչ ուզի՝ կասի, նրա լեզվի տակն ասեղ չկա, ինչ ուզում՝ ասում է: Հետեւաբար, չի բացառվում, որ Սուրիկ Խաչատրյանը գտնի նպատակահարմար մյուս անգամ երկու այդպիսի փաստերի վերաբերյալ դիմի դատարան»:
Ըստ Մարտին Զիլֆուղարյանի, Սամվել Հարությունյանը Սուրիկ Խաչատրյանի մասին այդպիսի բաներ է պատմել, որովհետեւ անձնական խնդիրներ ունի. «Միմյանց հետ երեւի թե ունի: Սամվել Հարությունյանը ընդհանրապես դժգոհ է, երեւի գտնում է, որ Սուրեն Խաչատրյանն ինչ-որ բանով մեղավոր է»:
Սամվել Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ գնալու է մինչեւ վերջ, ընդհուպ մինչեւ եվրոդատարան: Ըստ Մարտին Զիլֆուղարյանի, այստեղ դեռ դատական նիստերը չսկսած՝ նա արդեն Եվրոդատարանից է խոսում, ուրեմն ինքն էլ գիտի, որ զրպարտում է:
Մեր դիտարկմանը, որ հայաստանյան արդարադատության համակարգի դեպքում ամեն ինչ հնարավոր է, որովհետեւ ոչ վաղ անցյալում բոլորը տեսան, թե ինչպես Գորիսի հայտնի դեպքերից հետո ազատ արձակվեցին Սուրիկ Խաչատրյանի որդին եւ թիկնապահը՝ Մարտին Զիլֆուղարյանն արձագանքեց. «Ի՞նչն է հնարավոր: Դա հենց խոսում էր նրա մասին, որ արդար մոտեցում ցուցաբերվեց, օբյեկտիվ՝ չվախենալով: Ազատվեցին, եթե մարդը մեղավոր չէ, ինչպե՞ս կարելի է նրան դատի տալ: Եթե Սուրեն Խաչատրյանի որդին է, ուրեմն, անպայման, պետք է մեղավո՞ր լինի, ես ուղղակի զարմանում եմ մարդկանց տրամաբանության վրա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ