Այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դատավարությունն էր՝ ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի:
Դատավոր Անի Մխիթարյանը դատական նիստի սկզբում կոշտ տոնով լրագրողներին սկսեց դաս տալ՝ իր ասելով՝ նախկին փորձը նկատի ունենալով. «Դատական նիստը լուսաբանելիս պետք չի անել մեկնաբանություններ՝ ձեր ընկալունակության սահմաններում: Նորից եմ ասում, եթե պետք է մեկնաբանեք իմ դատական նիստը ինչպես դուք եք հասկանում եւ պատկերացնում, ես կխնդրեմ ձեզ, որպեսզի զերծ մնաք նման մեկնաբանություններից»:
Նա հորդորեց, որ այդ դատական նիստի լուսաբանումը լինի բացառապես տեղեկատվական բնույթի: Դատավորի այս «դասին» արձագանքեց Ժաննա Ալեքսանյանը. «Ի՞նչ է նշանակում սա, խոստովանությո՞ւն եք ուզում ստանալ լրագրողներից: Մենք էլ կարող ենք դատարանին նույն տիպի հորդորով դիմել»:
Դատավորը իրավիճակը մեղմեց. «Խոստովանություն չէ, խնդրում եմ շատ ուշադիր եղեք, լավ, բարի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ