Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը մտադիր է բողոքարկել սեպտեմբերի 29-ին անցկացված ընտրության արդյունքները: Այս մասին մեզ տեղեկացրեց թեկնածուն եւ հավելեց, որ անկախ ընտրությունների արդյունքներից, բարձր տրամադրություն ունի. «Տրամադրությունս վատ չի, էնքան մարդ ինձ է ընտրել, ինչի պիտի վատ լինի: Թիվ 38 ընտրատարածքում էդքան մարդ ազնիվ է եղել, մասնակցել է ընտրություններին, իրենց ձայնը ինձ են տվել, դա վա՞տ է: Այս ընտրությունները ապացուցեցին, որ մեր երկրի իշխանությունները ընդունակ չեն պահելու իրենց տված խոստումները ու ազնիվ ընտրություններ անցկացնել», եւ հավելեց, որ այսօր մինչեւ ժամը 18-ը գնալու է թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ բողոքարկի արդյունքները:
«Բողոքարկելու ենք ընտրությունների արդյունքները, թեկուզ գիտենք՝ դրանից ոչինչ չենք շահելու, որովհետեւ Հայաստանում ինչքան ընտրություն է անցկացվել, ցույց են տվել, որ ուզում ես բողոքարկի, ուզում ես՝ ոչ, միեւնույն է, իշխանության խոսքն է անցնում»:
Տեղեկացնենք, որ ընտրության նախնական արդյունքներով՝ Սամվել Հայրապետյանի օգտին քվեարկել է 3555 ընտրող, իսկ հանրապետական թեկնածու Արմեն Կարապետյանի օգտին՝ 20744:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ