Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրները դրական վերաբերմունքն ըստ Մարգարիտ Եսայանի, խոսում է նախագահի ճիշտ ընտրության մասին

Սեպտեմբեր 30,2013 12:48

«Գեւորգ Կոստանյանին ես վաղուց եմ ճանաչում, երիտասարդ եւ խոստումնալից իրավաբան է եղել եւ հիմա, փաստորեն, տրամաբանական, եկավ հանգեց այս հանգրվանին: Առիթ եմ ունեցել մի քանի անգամ արտասահմանյան երկրներում սեմինարներին մասնակցել նրա հետ եւ տեսել եմ, թե ինչպիսի պրոֆեսիոնալիզմով է ինքը ներկայացնում դատաիրավական ոլորտը, եւ, ընդհանրապես, ՀՀ-ն: Այն ժամանակ լրագրողի կարգավիճակով էի մասնակցում այդ կարգի միջոցառումներին, բայց միշտ ներքին ուրախություն ունեի, որ մեր հանրապետությունում այսպիսի պրոֆեսիոնալներ կան»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գեւորգ Կոստանյանի` ՀՀ գլխավոր դատախազի թեկնածությանն ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Այսօր ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ: Տիկին Եսայանն ասաց, որ ՀՀԿ-ն միաձայն կողմ է այս թեկնածությանը եւ ԱԺ դահլիճում էլ պաշտպանելու են այն. «Համոզված եմ, որ սա նոր քայլ է մեր դատաիրավական համակարգի համար: Երիտասարդ, մաքուր կենսագրություն ունեցող եւ խոստումնալից իրավաբան: Գաղտնիք չէ, որ մեր դատաիրավական համակարգը բազմաթիվ խութեր ունի, բացասական էներգետիկա կա համակարգի շուրջ: Ես ներքին համոզմունք ունեմ, որ Գեւորգ Կոստանյանն իր երիտասարդական էներգիայով եւ պրոֆեսիոնալիզմով կկարողանա ցրել այն բացասականը, որ մինչ այժմ միշտ եղել է դատաիրավական համակարգի նկատմամբ եւ վերականգնել հավատն այս մարմինների նկատմամբ: Ընդհանրապես, արդարադատությունն ամենակարեւորն է որեւէ հասարակության համար: Մեզ հետ հանդիպման ժամանակ պարոն Կոստանյանը խոստացավ եւ մենք չենք էլ կասկածում, որ իր գործունեությամբ անելու է ամեն ինչ, որպեսզի համակարգում բոլոր հարցերը լուծվեն արդարության սկզբունքով եւ օրենքներին համապատասխան»:

Հիշեցնենք, որ թեկնածուն շաբաթվա վերջում հանդիպել էր խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ: Ուշագրավ էր, որ ընդդիմադիրներից շատերը դրական էին արտահայտվել Կոստանյանի թեկնածության վերաբերյալ:

Հիշեցնենք, նաեւ, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած մահվան ելքով միջադեպից հետո, Գեւորգ Կոստանյանը հանդես եկավ ի պաշտպանություն Սուրիկ Խաչատրյանի հայտարարություններով, որոնք գնահատվեցին նաեւ մասնագիտական էթիկայի խախտում: Aravot.am-ի այս դիտարկմանն էլ տիկին Եսայանը պատասխանեց, որ ինքը չի կարծում, որ ճիշտ է այդպես միանշանակ պնդել, որ դատախազի թեկնածուն հանդես է եկել մասնագիտական էթիկայի խախտումներով. «Ես կարծում եմ՝ ինքը պարզապես իր աշխատանքն է իրականացրել`պրոֆեսիոնալ կերպով: Եվ բոլորովին զարմանալ պետք չէ, որ նաեւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները դրական արտահայտվեցին այս թեկնածության վերաբերյալ: Սա նշանակում է, որ հանրապետության նախագահը ճիշտ ընտրություն է կատարել»:

Ի հեճուկս քաղաքական դաշտի, հասարակական դաշտում Կոստանյանի թեկնածությունը սվիններով ընդունվեց: Մասնավորաբար, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ «Լրագրողները հանուն մարդու իրավունքների պաշտպանության» կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը համարեցին համակարգի առաջին մարտահրավերը: Նման մոտեցումներն էլ տիկին Եսայանը բնական է համարում, քանի որ երբեք այնպես չի լինում, որ որեւէ մեկին բոլորը միաձայն եւ գրկաբաց ընդունեն. «Սա նույնպես ունի իր խորքային պատճառները: Գաղտնիք չէ, որ դատաիրավական համակարգի նկատմամբ կա խորն անվստահություն եւ բացասական վերաբերմունք: Այս իրավիճակում՝ ով է լիներ թեկնածուն, այդ սվիններով դիմավորելը լինելու էր: Ես հույս ունեմ, որ այն մարդիկ, ովքեր բացասական կարծիք են ունեցել, որոշ ժամանակ անց կվերանայեն իրենց տեսակետը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վանիկ says:

    էդ բացասական էներգեԾիկան լավ չի էլի …

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30