«Ժառանգություն» կուսակցությունից Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական շտաբի հայտարարությունը
2013թ. սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում տեղի ունեցավ ՀՀ ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ: Պայքարն ընթացավ երկու թեկնածուի՝ «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Հայրապետյանի եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Կարապետյանի միջեւ:
Մենք պայքարի ելանք արդար, թափանցիկ ընտրությունների հույսով, համենայնդեպս այդ էին ցույց տալիս ընտրարշավի առաջին օրերին թեկնածուների կողմից արված հայտարարությունները եւ իշխանությունների պահվածքը: Սակայն շուտով պարզվեց, որ այդպես չի լինելու: Արդեն քարոզարշավի ընթացքում գործի դրվեց իշխանական ողջ ռեսուրսը, քաղաքապետերը եւ գյուղապետերը: Բոլորն անխտիր հրահանգավորվել էին, ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն եւ պետական ինստիտուտները գործել են համատեղ:
Ընտրությունների օրն արդեն ստացվեցին զանգեր ընտրակաշառքների, ուղղորդումների վերաբերյալ, այսպիսով` ևս մեկ անգամ իշխանությունները ապացուցել են, որ չեն կարող անցկացնել նորմալ ընտրություններ, որ քաղաքացին այսօր չի կարող ազատ արտահայտել իր կամքը եւ որ առանց իշխանական ռեսուրսի ՀՀԿ-ի թեկնածուն չէր կարող ընտրվել: Սամվել Հայրապետյանի նախընտրական շտաբը այս ընտրությունները գնահատում է որպես անազատ եւ անարդար: