Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում երեկ մեծամասնական ընտրակարգով անցկացված լրացուցիչ ընտրությանը մասնակցել է 50 հազար 370 ընտրողից 25 հազար 349-ը: Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների հաշվարկի ժամանակ ձայների մեծ մասը բաժին էր ընկնում ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Կարապետյանին:
Ընտրության նախնական արդյունքներով հաղթել է ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանը, որը հավաքել է 20 հազար 744 քվե, իսկ «Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանը՝ 3 հազար 555 ձայն: Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի ընտրատեղամասերում անվավեր է ճանաչվել 1037 քվեաթերթիկ:
«Մյուս թեկնածուից դեռ բողոք չենք ստացել, այսօր ժամը 12-ից մինչեւ 18:00-ն է բողոքարկման վերջնաժամկետը: Աշխատանքային օրվա վերջում պարզ կլինի կբողոքարկե՞ն, թե՞ չէ: Ընտրատեղամասերից բերված գրանցամատյաններում ամեն ինչ նորմալ է», – տեղեկացրեց Սյունիքի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը եւ նշեց, որ ընտրությանը մասնակցել է ընտրողների 55,33 տոկոսը:
Կարդացեք նաև
Այսօր ժամը 14-ին թիվ 38 ԸԸՀ-ում նիստ կհրավիրվի եւ կներկայացվեն ընտրության նախնական արդյունքները, իսկ վերջնական արդյունքները կհայտարարվեն 5 օր հետո:
Սամվել Հայրապետյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել, վերջինիս հեռախոսն անջատված էր: Թեկնածուի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ քիչ հետո իրենք հայտարարություն են տարածելու, որտեղ կներկայացնեն ընտրությունների անցկացման վերաբերյալ իրենց գնահատականը եւ կքննարկեն նաեւ ընտրության արդյունքները բողոքարկելու հարցը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ