Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվում են Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստերը:
Նա մեղադրվում է անցյալ տարվա ապրիլի 21-ին Երևանի Մոսկովյան 34ա հասցեում գտնվող «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի մուտքի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանին հրելու, դրա արդյունքում Ս.Ջուլհակյանի առողջությանը՝ տևական քայքայումով միջին ծանրության վնաս հասցնելու համար,ինչը դրսեւորվել է ձախ սրունքի շրջանների արյունազեղման, ձախ ձեռքի 3-րդ և 5-րդ մատների հիմային ֆալանգների չտեղաշարժված կոտրվածքների ձևով։
Այսօր դատարան ներկայացած մեղադրողը հայտնեց, որ գտնվում է արձակուրդում, իր փոխարեն որեւէ մեկը չի ներգրավվել որպես մեղադրող, ուստի խնդրեց հետաձգել դատական նիստը, մինչ արձակուրդից վերադառնալը:
Տուժող Սենիկ Ջուլհակյանն ասաց, թե թող լրագրողը արձանագրի /նկատի ուներ «Առավոտի» թղթակցին, քանի որ այլ լրատվամիջոց չկար/, թե ինքը կոլեկտիվի հետ ճշտում է իրենց դիրքորոշումը , եւ բանակցում է Հմայակ Հովհաննիսյանի հետ, որպեսզի գործն ավարտվի հաշտությամբ, վերջ տրվի այս ամենին, քանի որ դա վնասում է թե Հմայակ Հովհաննիսյանի քաղաքական կերպարին, թե նյութական վիճակին:
Հմայակ Հովհաննիսյանն էլ ասաց. «Պարզ է, որ խնդիր կա ինձ երկար ժամանակ պահել ամբաստանյալի կարգավիճակում»:
Դատավորը դիմելով տուժողին՝ ասաց. «Տուժողը դուք եք, ոչ թե կոլեկտիվը: Դատարանը նրա համար չէ, որ լրագրողին խնդրեք, որ ֆիքսի ինչ-որ բան… »:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 28-ին:
Հիշեցնենք, որ բացի սույն քրեական գործից Սենիկ Ջուլհակյանը Հմայակ Հովհաննիսյանի դեմ պատվի եւ արժանապատվության, բարի համբավի պաշտպանության երկու հայցերից բացի նոր հայցով է դիմել դատարան, ուր ներգրավվել է նաեւ մեր լրատվամիջոցը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ