Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բացվում է գեղանկարիչ Վահե Թևոսյանի անհատական ցուցահանդեսը

Սեպտեմբեր 30,2013 10:41

Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիան սեպտեմբերի 30-ին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում կազմակերպում է գեղանկարիչ Վահե Թևոսյանի անհատական ցուցահանդեսը՝ «Բու» խորագրով: Ցուցահանդեսին կցուցադրվեն 50 ստեղծագործություն, որոնք արտացոլում են երիտասարդ նկարչի նորարար մոտեցումները, նոր գաղափարների ոգեշնչումն ու քարոզչությունը:
Ցուցահանդեսի բացման արարողության պատվավոր հրավիրյալներից են «Վիվա-Սել ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ազգային Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, Հայաստանի Նկարիչների Միության նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ Կրթության և մշակույթի նախարարության, ազգային թանգարանների ու արվեստի կենտրոնների ներկայացուցիչներ, և այլ վաստակավոր նկարիչներ ու արվեստաբաններ:
Վահե Թևոսյանը սկսել է ցուցադրվել դեռևս 2005 թ.-ից: Սա Վահեի թվով չորրորդ անհատական ցուցահանդեսն է: Դեռևս մանկուց (հինգ տարեկանից) Վահեն փորձել է նկարել՝ ձեռքը վերցնելով թե՛ սովորական մատիտներ, և թե՛ նույնիսկ վրձին: Նա սովորել է Հ.Կոջոյանի անվան կրթահամալիրում, ինչը նրա առջև բացել է բոլորովին մի նոր աշխարհ՝ արվեստի գունեղ ու դյութիչ աշխարհը: Կրթահամալիրում ստացած գեղարվեստական համակարգված կրթությունն էլ ավելի է խթանել Վահեի սերն ու ձգտումը դեպի կերպարվեստը որոշիչ դերակատարություն ունենալով նրա ապագա մասնագիտության ընտրության հարցում:
2005 թ.-ին Վահեն ընդունվում է Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ՝ ուսանելով գեղանկարչության բաժնում՝ գեղանկարիչ պրոֆ. Հրայր Գրիգորյանի արվեստանոցում: Թերլեմեզյանում ուսանած տարիները մեծապես նպաստում են նրա մեջ գեղարվեստական մտքի ու ճաշակի զարգացմանը: Շարունակելով հաստատուն քայլերը դեպի իր ընտրած մասնագիտությունը՝ Վահեն 2011 թ.-ին ընդունվում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժինը՝ ուսանելով գեղանկարիչ Էդուարդ Վարդանյանի արվեստանոցում:
Տարիների պրպտումների արդյունքում Վահեն ձևավորում է իր ուրույն ձեռագիրը՝ գեղարվեստական արտահայտչամիջոցների, կոմպոզիցիոն մտահղացման ու ձևերի դեկորատիվ մեկնաբանման իր մոտեցմամբ: Իր առջև դրված խնդիրները լուծելիս նա փորձում է դրանք արտահայտել ոչ միայն բովանդակության, այլև նկարելու ձևի շեշտադրման ուրույն՝ գունատոնային ու լուսաստվերային ներդաշնակման շնորհիվ: Նկարիչ-պրոֆեսոր Հրայր Գրիգորյանի դիպուկ բնորոշմամբ «Վահե Թևոսյան գեղանկարիչը իր էությամբ Արարիչի կողմից ծնված գեղանկարիչ ստեղծագործ է. վառ գունային աշխարհի ինքնատիպ նկարիչ, սովորական կապանքներից դուրս, իր մտածելակերպի գեղանկարիչ»:
Շարունակ աշխատելով ու ստեղծագործելով՝ Վահեն արդեն իսկ հարյուրավոր կտավներ է հեղինակել: Նրա կտավները ցուցադրվել են թե՛ Հայաստանի, և թե՛ արտերկրի ամենատարբեր ցուցասրահներում՝ հանդիսատեսին ներկայացնելով կերպարվեստում իր նոր գաղափարներն ու լուծումները:
Արվեստաբան Մարինա Ստեփանյանի գնահատմամբ. «Վահե Թևոսյան. նկարիչ, ում գեղարվեստական կամքն իրեն օգնում է գեղանկարչության լեզվով վերարտադրել այսօրվա իրականության ճնշումը, կոպիտ, անկանխատեսելի, երբեմն հասարակության բարոյական հիմքերին հակասող իրականությունը»:

Վարդուհի Չիլինգարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30