Ամենաուշագրավ IT նորությունները յուրաքանչյուր շաբաթ ձեզ համար առանձնացնում է «Առավոտ երիտասարդականը»:
Ինչպես արդեն գիտեք, օրեր առաջ Google-ը դարձավ 15 տարեկան: Ընկերությունը որոնողական հսկայի ծնունդը նշել է այն ավտոտնակում, որտեղ դրա հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը ինչ-որ ժամանակ երազել են համացանցի ավելի լավ որոնողական համակարգի ստեղծման մասին, այս մասին հայտնել է The Los Angeles Times-ը: Իր ծննդյան 15-ամյակը տոնելու կապակցությամբ ընկերությունը բացել է տեսարժան վայրը Սիլիկոնային հովտում: Հարևանների խոսքով՝ Մենլո-պարկի ավտոտնակը չի գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը, ինչպես Hewlett-Packard-ի ավտոտնակը Փալո-Ալտոյում, որտեղ Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը ստեղծում էին Apple-ի առաջին համակարգիչները:
Որոնողական հսկայի 15-ամյակի առթիվ փոփոխություններ են եղել, դրանցից մեկն էլ Google-ի որոնման ալգորիթմին է վերաբերում: Եթե նախկինում որոնումը տեղի էր ունենում բառերի համընկնելու միջոցով, ապա դա կկատարվի որոնման ընթացքում իմաստը հասկանալու և փոխկապակցվածության հաշվին: Այս մասին գրել է The Kiev Times-ը՝ հղում անելով The New York Times-ին:
Facebook-ում այս շաբաթ ևս փոփոխություններ են եղել: Հրապարակված գրառումներն արդեն հնարավոր է խմբագրել ավելի հեշտությամբ: Համապատասխան գործառույթը հայտնվել է նաև Android օպերացիոն համակարգով սարքերի համար Facebook-ի բջջային հավելվածում, այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Նոր գործառույթը դեռևս հասանելի է փորձնական ռեժիմում սահմանափակ թվով օգտատերերի: Սպասվում է, որ շուտով դա հասանելի կլինի նաև iOS համակարգով սարքերի Facebook-ի հավելվածում:
Կարդացեք նաև
Google Talk-ի օգտատերերը հաղորդել են հավելվածի աշխատանքում խափանման մասին, ինչի պատճառով հաղորդագրություններն ուղարկվում են ոչ այն օգտատերերին, որոնց համար դրանք նախատեսված են, այս մասին հայտնել է TechCrunch-ը : Google-ի ներկայացուցիչները խոստովանել են խնդրի առկայությունը, և արդեն քննում են առաջացած խափանման պատճառները:
Տիգրանուհի Թասլակյան