«Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանի ընտրական շտաբից մեզ տեղեկացրեցին, որ ահազանգ են ստացել Կապանի թիվ 3 հատուկ դպրոցում տեղակայված 38/05 ընտրատեղամասում գտնվող իրենց թեկնածուի վստահված անձից, որ ավտոբուսով մարդկանց են բերել ընտրություն կատարելու: Ահազանգից անմիջապես հետո եղանք ընտրատեղամասում, ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ հետ չկարողացանք զրուցել, հանձնաժողովի անդամները տեղեկացրեցին, որ գնացել է իր ընտրությունը կատարելու, իսկ ներսում ընտրողների կուտակումներ չհանդիպեցինք: Տեղում զրուցեցինք Սամվել Հայրապետյանի վստահված անձ Ֆիլիպ Արզումանյանի հետ, ով ներկայացրեց, որ քիչ առաջ ՊԱԶ մակնիշի ավտոբուսով մի խումբ ընտրողների էին բերել եւ նրա համոզմամբ` այդ մարդկանց ուղղորդված էին բերել ընտրատեղամաս:
Մեզ հաջողվեց զրուցել նաեւ Կապանի ծայրամասային Բարաբաթում թաղամասից տվյալ ավտոբուսով ընտրատեղամաս եկած ընտրողներից մեկի հետ: Բարաբաթումի բնակիչ Էդգար Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ իրեն ու իր համագյուղացիներին հատուկ նպատակով չէին բերել ընտրության եւ ոչ էլ հանձնարարել էին ինչ-որ թեկնածուի օգտին քվեարկել: Իսկ այդ ավտոբուսից օգտվել են զուտ քաղաք իջնելու համար, քանի որ ընտրատեղամասը Բարաբաթումից բավականին հեռու է գտնվում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Եթե ժողովուրդը՝ այս դատողության է, իրենց վիճակն էլ,՝ այդ պետք է լինի: