Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում այսօր վաղ առավոտից մեկնարկել է ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունը: Ընտրատեղամասերում ընտրողների հոսքը բավականին պասիվ է: Կապանի ընտրատեղամասերում այս անգամ չտեսանք կուտակումներ, հերթեր ընտրացուցակների կողքին, իրար հրմշտող քաղաքացիներ եւ լեցուն ընտրատեղամասեր: Ի տարբերություն նախորդ ընտրությունների` այս ընտրությունն ընթանում է հանգիստ մթնոլորտում: Այս մասին փաստում են նաեւ Կապանի ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովի նախագահները, անդամները, թեկնածուների վստահված անձինք: Կապանի թիվ 38/08 ընտրատեղամասում մինչեւ կեսօր 1309 ընտրողից ընտրությանը մասնակցել էր ընդամենը150-ը:
«Նախորդ ընտրություններին միշտ լինում էր մոտավորապես 80 տոկոս մասնակցություն, այս անգամ, քանի որ համապետական ընտրություն չի եւ միայն թիվ 38 ընտրատարածքում է անցկացվում, մի քիչ ավելի պասիվություն է նկատվում: Ակտիվություն չի էլ ակնկալվում մինչեւ ընտրության օրվա ավարտը, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ ոչ մի անգամ այսքան հանդարտ ձեւով ո’չ քարոզարշավ է եղել, ո’չ էլ հանգիստ պայմաններում կարողացել ենք աշխատել: Միշտ լինում էր ավելի սուր պայքար, բնականաբար այս ընտրությունն ավելի պասիվ է լինելու իմ կարծիքով: Ակնկալում ենք մասնակցության միջին թվաքանակ, ոչ ավելի», -ասաց Կապանում տեղակայված թիվ 38/08 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Միրզոյանը:
Կուտակումներ, ընտրախախտումներ, կնիքների թանաքի հետ կապված խնդիրներ, ընտրողների ակտիվ մասնակցություն չի արձանագրվել նաեւ քաղաքի մեր այցելած թիվ 38/10, 38/03, 38/09 ընտրատեղամասերում: Թիվ 38/09 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գուրգեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ առավոտյան ժամը 8-ին կնիքի նմուշը փակցրել են պատից եւ չի ցնդել, թանաքի հետ կապված որեւէ խնդիր չեն ունեցել մինչեւ այժմ: Թիվ 38/10 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի քարտուղար, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Առաքելյանի խոսքով` այս ընտրատեղամասում տարօրինակ կուտակումներ չեն նկատվել, ընտրողների հոսքն էլ առանձնապես ակտիվ չէ: Կապանի թիվ 7 դպրոցի շենքում տեղակայված թիվ 38/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Փարսադանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ նույնպես ընտրախախտումներ չեն գրանցվել մինչ այժմ, պասիվ է նաեւ ընտրողների հոսքը: Ժամը 11:35-ի դրությամբ` ընտրատեղամասի 1524 ընտրողից 225-ն է մասնակցել ընտրության: «Հույս ունենք, որ օրվա մյուս կեսին ակտիվությունը կմեծանա: Միգուցե պասիվությունը պայմանավորված է նրանով, որ մարդկանց շահագրգռվածությունը մեծ չէ կամ` միգուցե նախորդ ընտրություններից ունեցած հիասթափությունն է պատճառը…», – հավելեց նա: Ընտրողների ակտիվ շարժը բացակայում է նաեւ մարզկենտրոնի ընտրատեղամասերի գրեթե մեծ մասում:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ