Մուշեղ Խաչատրյանը շատերին հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված տաղանդ» նախագծից: Այսօր արդեն 28-ամյա «թաքնված տաղանդը» նոր բացահայտումներ է անում: Մուշեղ Խաչատրյանը, ով 1997թ-ից Երևանի պետական կրկեսի շրջանավարտ է սեպտեմբերի 28-ին Խուլ և համրերի միության շենքում իր միակնանի հեծանիվով (անիվի տրամագիծը 83 մմ) նոր ռեկորդ սահմանեց: Նա պետք է հաղթահարեր 25 մ հեռավորություն ունեցող մարզադահլիճը 3.08 մետր բարձրության վրա: Իհարկե և՛ բարձրությունը, և՛ հեռավորությունը, և՛ անգամ անիվի տրամագիծը պատահական հաշվարկներով չէին ընտրված:
Առաջին անգամ նույն ռեկորդը սահմանել էր շվեդ Պետեր Ռոզենդալը 20 սմ բարձրությամբ միակնանի հեծանիվը(տրամագիծը` 18մմ) քշելով ընդամենը 8.5 մետր: Այս անգամ ռեկորդը գերազանցեց էքստրիմի սիրահար Մուշեղ Խաչատրյանը: Լարվածությունը Մուշեղի մոտ այդքան էլ նկատելի չէր, ժպիտով և թեթև տրամադրությամբ բարձրանալով հեծանիվի վրա, նա մոտ 47 վայրկյան լարված պահեց հանդիսատեսին և միայն 48-րդ վայրկյանում դահլիճը ծափահարություններով և ցնծությամբ շնորհավորեց նոր ռեկորդակրին:
Մուշեղի խոսքերով՝ այն ինչ իրենից էր կախված ինքը չէր կարող չհաղթահարել, միակ բանը, որ կխոչընդոտեր նրան կարող էր լինել հեծանիվի կոտրվելը, իսկ ինչ պահանջվում էր իրենից նա ամենայն վստահությամբ ի կատար ածեց:
«Ես գիտեի, որ տարածությունը կարող եմ մինչև վերջ հաղթահարել և այն ինձ մոտ իսկապես ստացվեց, վստահությունը միանշանակ էր, իսկ այն, ինչ կապված էր հեծանիվի հետ, հեծանիվը հայրիկիս պատրաստածն էր ուստի այն ջարդվելու ոչ մի տարբերակ չուներ»,- ժպիտով նշում է 22-ամյա ռեկորդակիրը:
Դահլիճում ներկա էր նաև Մուշեղի մայրիկը, ում հուզմունքը ի տարբերություն որդու աննկարագրելի մեծ էր և անթաքույց:
«Ամբողջ ելույթի ընթացքում,- ասում է ռեկորդակրի մայրը,- մտքումս կրկնում էի. «Աստված քեզ հետ տղա՛ս, այն ինչ մտածել ես թող կատարվի»,-որովեհտև հեծանիվի հանդեպ սերը նրա արյան մեջ է, հեծանիվն իրենից է անպակաս, ինքը հեծանիվից նշում է Մուշեղ Խաչատրյանի մայրը:
Նոր ռեկորդը արձանագրելու էին եկել Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակից, «Արտասովոր շարժողական գործունեության գրանցման» հանձնաժողովի նախագահ և Հայաստանի մարզական և ոչ այնքան մարզական ռեկորդները գրանցող «Դյուցազնագրքի» հեղինակ Վարդան Թովմասյանը,
Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը և Երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Սոս Պետրոսյանը: Սոս Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Մուշեղի ելույթը իսկապես արժանի է գովեստի, որովհետև իրենց աշակերտներից շատերը փորձել են կրկնել Մուշեղի հնարքները, պարզապես ավելի ցածր հեծանիվով և անիվի ավելի մեծ տրամագծով, իսկ Մուշեղի հնարքը իսկապես չքնաղ էր, պարոն Պետրոսյանի խոսքով՝ այն միանշանակ կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
Օվսաննա Սիմոնյան