«Շապիտո»-ի գեղարվեստական ղեկավար, Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ծաղրածու Գեւորգ Գրիգորյանը մինչ այժմ ապրել ու աշխատել է Պրահայում եւ երեւանյան ստացիոնար կրկեսի պայթեցումից հետո որոշել է աշխատանքային գործունեությունը ժամանակավորապես ծավալել հայրենիքում: «Ցավում եմ, որ հայ հանդիսատեսը տարիներ շարունակ կրկեսային լավ դերասաններ չի տեսել: Օր օրի մարդկանց ճաշակն ընկնում է: Երբ տեղական կրկեսում 15 տարի, ասենք, վարժեցրած արջեր չեն լինում, իհարկե, դա շատ վատ է: Մեր կրկեսում աշխատում են արտասահմանցի, 30 տարվա աշխատանքային փորձով արտիստներ, կենդանիներից ունենք շնիկներ, կապիկներ, արջեր ու սողուններ»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ 700 տեղանոց իրենց վրանային կրկեսը պատրաստվում է շրջագայությունների մեկնել Հայաստանի շրջաններ ու Արցախ: «Նոր ծրագիրը կներկայացնենք մինչեւ Նոր տարի, այնուհետ կաշխատենք այլ ծրագրով: Կաշխատենք նաեւ երեւանյան ստացիոնար կրկեսի գործարկվելուց հետո»,- նշեց ծաղրածու Գեւորգ Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ Եվրոպայում շրջիկ կրկեսները ավելի քան 400 տարվա պատմություն ունեն:
Մեզ հետ զրույցում Գրիգորյանն անկեղծանալով ասաց, որ քաղաքապետարանը քաղաքի կենտրոնում տարածք է հատկացրել եւ որեւէ խնդիր առայժմ չկա: Շրջիկ կրկեսի արտիստները շուտով երթ կսկսեն Երեւանի փողոցներով, որի համար վերջիններս դիմում են ներկայացնելու քաղաքապետարան երթուղիների տրամադրման եւ այլ հարցերով օժանդակելու համար:
Գրիգորյանն այստեղ կարեւորում է մարդկանց հոգում գեղեցիկ զգացմունքներ արթնացնելը, քանի որ համարում է, որ սա եւս արվեստ է. «Սա արվեստի մի ճյուղ է, իսկ որպես բիզնես մղվում է երկրորդ պլան, այն էլ անհրաժեշտ է արտիստներին վարձատրելու եւ կենդանիներին համապատասխան խնամքով ապահովելու համար, իսկ առաջնահերթը արվեստի զարգացումն ու հետաքրքիր զգացողություններ արթնացնելն է»,-ասաց նա:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ