Լրահոս
Օրվա լրահոսը

11 կազմակերպություն իրենց օգնությունը առաջարկեցին Արաբկիր շրջանի սիրիահայ բնակիչներին

Սեպտեմբեր 28,2013 20:16

Սեպտեմբերի 28-ին «Հայ օգնության միությունը» կազմակերպել էր հանդիպում Արաբկիր համայնքի սիրիահայ բնակիչների եւ 11 կազմակերպության միջեւ, որպեսզի այդ կազմակերպությունները աջակցեն եւ օգնություն ցուցաբերեն նրանց: Այդ կազմակերպություններից են Կրթության գիտության նախարությունը, Արաբկիրի վարչական շրջանը, ոստիկանությունը, «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի ֆրանսիական համալսարանը:

«Հայ օգնության միության» Արաբկիրի «Մգրո» մասնաճյուղի ատենապետուհի Դիանա Հովսեփյան «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց հանդիպան նպատակը. «Մեր նպատակն է համախմբել սիրիահայերին, մեջտեղ բերել իրենց խնդիրները: Դրա համար մենք փորձեցինք Արաբկիր վարչական շրջանում սիրիահայերի մի հարկի տակ հավաքել, լսել նրանց խնդիրները»:

Ատենապետուհու խոսքով, Արաբկիր համայնքի սիրիահայերը հիմնականում նյութական եւ բնակարանային խնդիրներ ունեն, ոմանք էլ դժվարանում են  իրենց երեխաներին մանկապարտեզ տեղավորել. «Մենք էլ այսօր փորձելու ենք իրենց ունեցած բոլոր հիմնախնդիրները դուրս բերել: Պատրաստել ենք թերթիկներ, որտեղ ցանկագրվելու են, մենք վերջնական տվյալները կունենանք, թե քանի սիրիահայ է բնակվում, որովհետեւ հետագայում ծրագիր ենք ունենալու, ուզում ենք ավելի ճիշտ ձեւով իրենց հետ ծանոթանալ»:

«Հայ օգնության միությունը»  ընտրել է հենց Արաբկիր համայնքը, քանի որ Արաբկիրը Երեւանի ամենամեծ համայնքներից է, որտեղ ապրում են մեծ թվով սիրիահայեր:Արաբկիր վարչական շրջանում բնակվող սփյուռքահայերի համար պատրաստվել է նաեւ հատուկ գրքույկ, որտեղ նշված են Արաբկիր համայնքի բոլոր կառույցների հեռախոսահամարները:

Արաբկիր վարչական շրջանը ներկայացնող սոցապահովության եւ առողջապահության ծրագրերի առաջին կարգի մասնագետ Անահիտ Գեւորգյանը նշեց, որ իրենց հիմնականում դիմում են երեխաներին մանկապարտեզ, մարզական դպրոցներ ընդունելու եւ բարեգործական ճաշարանից օգտվելու հարցերով. «Սիրիահայերի հիմնախնդրով փետրվար ամսից սկսած զբաղվում ենք: Սփյուռքի նախարարությունը տրամադրել էր մեզ սիրիահայերի ցուցակ, որը պարբերաբար փոփոխվում է: Այսօր այստեղ փորձում ենք օգնել սիրիահայերին,  գրանցում ենք այն խնդիրները, որոնք այսօր այստեղ չենք կարող լուծել»:

Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Մերին անդրադարձավ սփյուռքահայ համայնքի խնդիրներին. «Եկել են հիմնականում դասընթացների, Դավթաշենում կառուցվող շենքի, մարզական անվճար դպրոցների համար: Ես ինքս եկել եմ ճշտելու համար երեխաներս կարող են մարզական դպրոց գնալ, թե ոչ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30