Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդները պետք է հասկանան, որ ժամանակն է եկել մտածելու հասարակության նաև մյուս անդամների մասին».

Սեպտեմբեր 28,2013 19:47

Երեկ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունում «Ոչ ատելության կոչին» շարժման շրջանակներում տեղի ունեցավ «Ես դեմ եմ ատելության կոչերին, որովհետև…» խորագրով սեմինար-քննարկում։

Շարժումը մեկնարկել է 2013 թվականին Եվրոպայի Խորհրդի կողմից։ Այն «Երիտասարդներ՝ պայքարող առցանց ատելության կոչի դեմ» ծրագրի մի մասն է, որը գործում է 2012-2015 թթ։ Շարժումը հիմնված է ազգային  կոմիտեների վրա, որոնք ղեկավարվում են Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների կողմից։  Հայաստանը պաշտոնապես միացել է շարժմանը 2013 մարտին, իսկ ազգային կոմիտեն ձևավորվել է մայիս-հունիս ամիսներին։ Հայաստանի ազգային կոմիտեի պատասխանատու մարմինը Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունն է։

Սեմինար-քննարկում անցկացնելու գաղափարը պատկանում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներ և վերոհիշյալ կազմակերպության կամավորներ Անատոլի Չեռնյաևին և Մարինա Աղբալյանին։

Սեմինար-քննարկման ժամանակ ներկայացվեց «ատելության կոչ» հասկացության էությունը, «Ոչ ատելության կոչերին» շարժումը Հայաստանում, ինչպես նաև դերախաղերի միջոցով քննարկվեցին ատելության կոչերի կոնկրետ դեպքեր։

Առավոտ Երիտասարդականը խոսել է կազմակերպիչներից Անատոլի Չեռնյաևի հետ և փորձել է պարզել, թե որտեղի՞ց եկավ սեմինար-քննարկում անցկացնելու գաղափարը, ի՞նչն էր նրա նպատակը, Հայաստանում ի՞նչ աստիճանի վրա է գտնվում խնդիրը և արդյո՞ք այ ինչ նախատեսել էին հասավ մասնակիցներին։

«2013 թվականի հուլիսին մասնակել եմ Ռուսաստանում անցկացվող Եվրոպայի Խորհրդի կողմից կազմակերպած  երիտասարդական սեմինարին, որի շրջանակներում էլ ծանոթացա շարժմանը և դրա գործունեությանը։ Քանի որ հանդիսանում եմ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հ/կ-ի մարդու իրավունքների գծով կամավոր, առաջարկեցի շարժման վերաբերյալ սեմինար-քննարկում անցկացնել», — ասում է Անատոլին և ավելացնում, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը նույնպես հանդիսանում է շարժման անդամ երկիր, իրազեկվածության աստիճանը երկրում ցածր է։

Նրա խոսքով՝ հանդիպման հիմնական նպատակներից էր իրազեկվածության բարձրացումը երիտասարդների շրջանում, ատելության կոչերին ու դրանց հետևանքներին ծանոթացումը, օրինակների միջոցով խնդրում ներգրավելն ու փորձել տարանջատել սովորական խոսքը ատելության կոչից։  Ըստ նրա՝ վերջինիս թեման բավականին արդիական ու կարևոր է՝ հայկական հասարակությունում մեծ տարածում գտած անտարբերության պատճառով, և այն իր ետևից բերում է զանազան բացասական հետևանքներ։ «Հայ երիտասարդը պետք է հասկանա, որ նախ և առաջ պետք է խնդրի մասին իմանա, պետք է խոսի՝ վերացնելով իր միջի անտարբերությունն ու ինչ-որ տեղ նաև եսասիրությունը, — ասում է նա, — Երիտասարդները պետք է հասկանան, որ ժամանակն է եկել մտածելու հասարակության նաև մյուս անդամների մասին, որոնցում կարող են լինել եղբայրներդ, քույրերդ կամ էլ ընկերներդ»։

Այն հարցին, թե ի՞նչ տպավորություններ ունի սեմինարից և արդյո՞ք այն ինչ ուզում էին ասել, հասա՞վ ներկաներին, Անատոլին պատասխանեց, որ հանդիպումը բովանդակալից ու հետաքրքիր անցավ, քանի որ մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ արտահայտվելու, խոսելու խնդրի, իր պատկերացումների ու ընկալման մասին, իսկ քննարկումից հետո առաջացած արձագանքները հաստատեցին հանդիպման հաջողված լինելը։ «Հիմա արդեն հստակ կարող եմ ասել, որ միացյալ ջանքերի շնորհիվ երիտասարդների թեկուզ և մի փոքր խումբ գիտի խնդրի գոյության ու դրա դեմ պայքարելու միջոցների մասին», — ասաց նա։

Սեմինար-քննարկման մասնակից Տաթև Յաղյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այս սեմինար-քննարկման ընթացքում բացահայտումներն ինձ համար իսկապես շատ էին։ Ամենակարևոր բացահայտումն այն էր, որ ատելության կոչի արգելումը օրենսդրական ամրագրում ունի՝ հանձինս մի շարք միջազգային պայմանագրերի և դատական նախադեպերի։ Ինձ առաջնային՝ որպես ապագա իրավաբանի, իրավական կողմն էր ամենից շատ հետաքրքրում։ Եվ բացի այդ ինֆորմացիան շատ հասանելի էր և խիտ, որը, ըստ իս, պետք է իմանա քաղաքացիական հասարակությունում ապրել ցանկացող յուրաքանչյուր ոք», — ասաց Տաթևը և ավելացրեց, որ նմանատիպ սեմինար-քննարկումներն անհրաժեշտ են հասարակությանը որոշակի կարծրատիպերից ձերբազատելու, իրավագիտակցության բարձրացման և իրավական մշակույթի, և առհասարակ մշակույթի զարգացմանը խթանելու համար։ «Մեր հասարակությունը տեղեկատվական սով ունի, որը պետք է բավարարել նման տեղեկատվական և ինտերակտիվ երեկոների շնորհիվ», — խոսքը եզրափակեց Տաթևը։

 

Դաթո Աբուլաձե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30