2014-2015 ուս. տարվա համար DAAD-ի կողմից (համարվում է աշխարհի ամենամեծ դրամաշնորհային ֆոնդն ունեցող կազմակերպությունը) ավելի քան 40 գիտահետազոտական կրթաթոշակ կտրամադրվի հայ գիտնականներին, հետազոտողներին, ասպիրանտներին և դասախոսներին:
Այս կապակցությամբ «Անի Պլազա» հյուրանոցի Անի սրահում անցկացվեց տեղեկատվական սեմինար` նվիրված Գերմանիայում գիտական հետազոտությանը:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ողջունելով գերմանացի հյուրերին ասաց, որ այս նախաձեռնությունը խթան է կրթության զարգացման եւ երիտասարդներին քաջալերելու համար. «Մեր երիտասարդների համար մեծ պատիվ է ուսումն ու գիտահետազոտական աշխատանքները շարունակել այնպիսի արժեքներ կրող երկրում, ինչպիսին Գերմանիան է: Անհրաժեշտ է շատ կապեր ունենալ` առնչվելով հզոր գիտական պոտենցիալ ունեցող երկրների հետ»,-ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ այս ծրագրի միջոցով մի շարք խնդիրներ հաղթահարվել են:
Գերմանացի պրոֆեսոր եւ լեզվաբան Շտեֆան Ռաբանուսը հասցրել էր նկատել մի քանի նմանություններ եւ տարբերություններ Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ: Ըստ նրա` ինչպես Հայաստանում, այնպես էլ Գերմանիայում կրթությունը առաջնային է: Գերմանիայում գործում է շուրջ 60 հետազոտական կենտրոն, 215 գիտական եւ 6 մանկավարժական բուհ, մինչդեռ Հայաստանում դրանց թիվն ավելի քիչ է. «Եթե նկատենք, որ Հայաստանում բնակչության թիվն ավելի քիչ է, ապա այդ հարաբերակցությամբ Գերմանիայում պետք է լիներ շուրջ 1000 բուհ: Այս երկու երկրների բուհերի միջեւ եւս մեկ տարբերություն կա: Գերմանիայի համալսարանը եւ սովորեցնում, եւ հետազոտություն է անցկացնում, իսկ Հայաստանում միայն սովորեցնում է, հետազոտություն անցկացնում է Գիտությունների ազգային ակադեմիան»,- ընդգծեց նա` նկատելով, որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է աջակցել գիտության զարգացման եւ հետազոտություններ անցկացնելու գործընթացին` բերելով Գերմանիայի օրինակը. «Գերմանիայում գիտական հետազոտության համար վճարվում է ավելի քան 75մլն.եվրո, սակայն Գերմանիայի նման երկիրը չի կարող սահմանափակվել ինքն իրենով եւ պետք է համագործակցի մնացյալ երկրների հետ: Հայաստանը եւ պետք է բացվի աշխարհի առաջ»:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ