Սեպտեմբերի 28-ին տրանսպորտի գնի թանկացման, այդ որոշման դեմ պայքարի եւ հանձնաժողովի քննարկումների մասին թեմայով ասուլիսի ընթացքում «Հասարակական պաշտպանների միության» նախագահ Արամ Գրիգորյանը նշեց, որ իրենց կատարած հաշվարկով ավտոբուսի ուղեվճարը պետք է լինի 97 դրամ, իսկ միկրոավտոբուսներինը՝ 85 դրամ. «Որպես ծախսային մասեր՝ վերցրել ենք քաղաքապետարանի հայտարարած սակագները: Այս հաշվարկով տրանսպորտի գինը դարձյալ 100 դրամը չի գերազանցում: Իրենք ասում են, որ երթուղային տաքսին մեկ շրջապտույտի ընթացքում տեղափոխում է այնքան մարդ, ինչքան նշված է ավտոմեքենայի տեխնիկական գրքում: Սակայն ցանկացած մոնիթորինգ ցույց է տալիս, որ մեկ շրջապտույտից ստացած եկամուտը երկու-երեք անգամ բարձր է: Մենք այդպիսի հաշվարկ կատարելով նախատեսում ենք նաեւ ընկերությանը 10 տոկոս շահույթ»:
Արամ Գրիգորյանը համարում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կազմած հանձնաժողովը իրավապես լեգիտիմ չէ. «Սակագնի որոշում ընդունող հանձնաժողովը պետք է օրենքով սարքված լինի, ոչ թե մեր քաղաքապետի որոշմամբ»: Պրն Գրիգորյանը նշեց, որ ժամանակն է ստեղծել հանրային հանձնաժողով, որի անդամները կլինեն շահագրգռված կողմերը՝ կառավարություն, քաղաքապետարան, Ազգային ժողով, քաղաքացիական ակտիվիստներ:
Armenia today կայքի խմբագիր Արգիշտի Կիվիրյանը տրանսպորտի թանկացումը կապում է ընտրությունների ավարտի հետ. «Այս երթուղայինները սպասարկվում են ոչ պատահական մարդկանց կողմից: Դրանք առաջին հերթին կա՛մ ռեժիմի ներկայացուցիչներն են, կա՛մ նրանց ընտանիքի անդամներն են, կա՛մ նրանց հետ կապված անձինք, որոնք բազմաթիվ ծավալուն գործողություններ են մատուցել ռեժիմին, մասնավորապես, ընտրությունների ժամանակ երթուղայիններով սպասարկել ընտրատարածքներ: Այսինքն՝ այդ ծառայությունների կապակցությամբ, ռեժիմը փորձում է մի կողմից այդ մի մասին փոխհատուցի, մյուս կողմից օգնում է իրեն եւ իր ընտանիքների անդամներին հարստանալ»:
Կիվիրյանի կարծիքով, միայն հասարակության ակտիվությունից է կախված տեղի կունենա ուղեվճարի թանկացումը, թե ոչ: Նրա խոսքով, քաղաքապետարանը կապիտալ պատրաստված է, որպեսզի երկրորդ անգամ հասարակությունը ոտքի չկանգնի. «Առաջին փուլի ժամանակահատվածում իրենց համար անակնկալ էր հասարակական այդ պայթյունը, իրենք որեւէ ձեւով դրան չէին սպասում: Եվ ամիսների ընթացքում հասարակական ակտիվիստների հալածանքները, տարբեր բռնությունները կապված են այն բանի հետ, որ թույլ չտան, որ երկրորդ անգամ տեղի ունենա այդ հասարակական ընդվզումը: Առաջին անգամ, եթե մասնակցում էին շոու բիզնեսի ներկայացուցիչները, մեր ունեցած տեղեկություններով, նախօրոք նրանց հետ անցկացվել են աշխատանքներ, որպեսզի շոու բիզնեսի ներկայացուցիչները, որեւէ ձեւով իրենց մասնակցությունը չունենան»:
Կարդացեք նաև
Հասարակական ակտիվիստ Անի Կաղինյանն էլ շեշտեց, որ չի կարող ընդունել այն հանձնաժողովի որոշումը, որի հիմնական անդամերն են Հայաստանի Հանրապետական կուսակցության կորիզը, մանավանդ Հենրիկ Նավասարդյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ